ՀՀ-ն պետք է դիմի միջազգային դատարան
Վրաստանում հայկական եկեղեցիների յուրացումը շարունակվում է
Խորհրդային տարիներին, մինչ հայերս լենինյան ինտերնացիոնալիզմի սին քարոզով ոգեշնչված` բարեկամության երգեր էինք ձոնում «հարևան-եղբայր» ժողովուրդներին, ինտերնացիոնալիզմի «օրորը» մեկ օր իսկ չմթագնեց վրացու ու ադրբեջանցու հակահայ մտքի զգոնությունը, գեթ մեկ օր չլռեց ավերիչ քլունգը, որն անխնա ոչնչացնում էր այդ տարածքների բնիկ հայ ժողովրդի մշակութային արժեքները: Վրաստանում հիմնահատակ քանդվում էին հայոց եկեղեցիները, ոչնչացվում հայկական հուշարձանները, խաչքարերը, տապանաքարերից քերվում-ջնջվում էին հայատառ արձանագրությունները:
Հայի` իր պատմական հայրենիքում ստեղծած մշակույթը ոչնչացնելու քաղաքականությունը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի 50-ականներից, քաղաքականություն, որն այսօր իրականացվում է պետական մակարդակով` վրաց հոգևոր դասի և պետական այրերի գործուն մասնակցությամբ: 88-ի ազգային զարթոնքը բացեց մեր աչքերը. խորհրդային ՙազգերի բարեկամության՚ կեղծ քողն ընկել էր ու պարզել սպիտակ ջարդի զարհուրելի հետևանքները: Չկա մշակույթը, չկա այն կրող ժողովուրդը. այս քաղաքականությունը շարունակվում է և այսօր, միայն մեկ տարբերությամբ, եթե խորհրդային տարիներին դա արվում էր ծածուկ, զգուշավոր, ապա այսօր` բացահայտ, լկտի ու հանդուգն:
Երկու տարի առաջ վրաց կաթողիկոս Իլյա Բ-ն հայտարարեց, թե Վրաստանի տարածքի բոլոր հուշարձանները, առավել ևս կրոնականները, իրենց պետության և վրաց եկեղեցու սեփականությունն են… Ուրիշինը սեփականելու մոլուցքով տառապող վրաց հոգևորականներն անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք վրացական Սիոնի հարևանությամբ չեն կարող հանդուրժել հայոց եկեղեցիների գոյությունը, ու հայտարարեցին. ՙՀայկական եկեղեցիները պետք է դարձնենք վրացական՚… Խոսքից գործի անցնելը երկար ժամանակ չպահանջեց:
«Ցորեն գողացող մկան պես»
Տասնամյակներ շարունակ ջավախահայերին պարտադրվել է այն պատմական կեղծիքը, թե տարածաշրջանի հուշարձաններն ու եկեղեցիները զուտ վրացական ծագում ունեն: Ջավախցին հավատացել է, լռել ու սուտն ընդունել իբրև ի գիտություն: Ասում են «ստի ոտքը կարճ է լինում», բայց արի ու տես, որ այդ «կարճը» շատ երկար ձգվեց… Խորհուրդների փլուզումից հետո առաջին հայ ճարտարապետը, որ հայտնվեց Ջավախքում, Սամվել Կարապետյանն էր: Եկել էր ճշմարտությունը բացահայտելու ժամանակը: Ջավախքցիները հավաքվում էին, խնդրում ճարտարապետին պարզել իրականությունը: Ճշմարտության բացահայտման առաջին քայլն սկսվեց Ջավախքի հայաբնակ Էխթիլա գյուղի եկեղեցուց: Առանձնակի ճիգեր հարկավոր չէին ճշմարտությունն ի հայտ բերելու համար, քանզի հայկական ծագման մասին խոսում էր հենց ինքը` եկեղեցին. բարձր բեմը, հյուսիսային պատի մեջ անշարժ, միակտոր քարից կերտված մկրտարանի ավազանը ճարտարապետական լուծումներ են` հատուկ միայն հայկական եկեղեցիներին, և ոչ երբեք` վրացականին: Եվ վերջապես` հայկականությունն ապացուցում էին եկեղեցու բակի տապանաքարերը, որոնցից մեկի վրա հրաշքով պահպանվել էին հայատառ արձանագրություններ:
Ճշմարտության բացահայտումից օրեր անց, երբ վրացի ճարտարապետները սովորականի պես գալիս ու պահանջում են եկեղեցու բանալիները, հայ գյուղացիները, որ մինչ այդ հլուհնազանդ դրանք տրամադրել էին ու անգիտությամբ օտարել սեփական մշակութային հարստությունը, ոչ միայն մերժում են, այլև տիրոջ իրավունքով գյուղից դուրս քշում ինքնակոչներին: «Այդ իրավիճակը շատ նման էր «Չարի վերջին», երբ կկուն տեղեկանում է, որ աղվեսը կացին չունի` համարձակություն է ստանում ու նրան քշում սարից, փրկում երրորդ ձագին»,- նկատում է ճարտարապետը:
Ջավախցիները Սամվել Կարապետյանին տեղեկացնում են, որ վրաց իշխանությունների հրահանգով տարիներ շարունակ կազմակերպվել է հայկական խաչքարերի անխնա ոչնչացում: Այսպես. Ջանդիերի ազգանունով մի վրացուհի հնագետ Ախալքալաքում երկարատև պեղումներ է կազմակերպում: Տեղացիները, որ հետաքրքրությունից դրդված հաճախ են այցելել այդ վայրը, նկատել են, որ հայտնաբերված խաչքարերը հողից հանվելուն պես անհետանում են: Պարզվել է, որ վրացուհին իրականում զբաղված է ոչ թե հնագիտական աշխատանքներով, այլ հայկական հուշարձանների ոչնչացմամբ: Տեղացիներին այլ բան չէր մնում, քան սեփական ուժերով հայոց խաչքարերի ջարդը կանխելը` հնագետ վրացուհու հեռանալուն պես, կեսգիշերով դրանք մեքենաներով տեղափոխվում են մեկ այլ հայկական եկեղեցու բակ:
Բարեկամության այգիներ` թաղված խաչքարերի վրա
Միամիտ է այն պատկերացումը, թե վրացիները հայկական մշակույթի հետքերը փորձում են ջնջել միայն հայոց պատմական Ջավախքից: Հայկական հուշարձանների ավերն իրականացվել ու շարունակում է Վրաստանի ողջ տարածքում: 30-ականներին դրանց մի մասը հիմնահատակ քանդվեց, իսկ կանգուն մնացածներին այլ ճակատագիր էր սպասում. նորանկախ Վրաստանի իշխանությունների հրահանգով հայոց եկեղեցիները մեկը մյուսի հետևից յուրացվում են` վերաօծվելով վրացականի: Այս ճակատագրին արժանացավ նաև Թբիլիսիի Վերա թաղամասում գործող Սուրբ խաչ եկեղեցին` կառուցված հայոց ազնվական դասի գերեզմանատան կենտրոնում, ուր հանգչում էին Վրաստանի հայ քաղաքապետների աճյունները: Հիշեցնենք, որ 800 տարում Թիֆլիսը կառավարած 47 քաղաքագլուխներից 45-ը հայեր են եղել: Իսկ այսօր նրանցից և ոչ մեկի գերեզմանը պահպանված չէ, որովհետև ողջ գերեզմանատունն է ավերված: Այսպես ՙերախտապարտ՚ վրաց ժողովուրդը վարձահատույց եղավ Թիֆլիսի շենացման գործում մեծ ավանդ ներդրած հայ քաղաքագլուխներին: Նույն ճակատագրին արժանացավ նաև Խոջիվանքի հայոց եկեղեցին` կառուցված 1655-ին: Նրա շուրջն ամփոփված հայոց Բեյբության իշխանական տոհմի գերեզմանոցը պարզապես վերածվեց պատրաստի քարհանքի. Խոջիվանքի տապանաքարերով վրացիները ԽՍՀՄ տարիներին կառուցեցին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի շենքը և Քուռ գետի հենապատերը: Իսկ արդեն 1996-ին գերեզմանատան տեղում հիմնվեց վրացական առաջնորդանիստ եկեղեցին: Հիմքերը փորելիս խոփի յուրաքանչյուր հարվածի հետ աճյուններ էին դուրս գալիս, շաբաթներ շարունակ բեռնատարները որպես շինարարական աղբ` գանգ ու ոսկոր էին տեղափոխում…
Հայ մշակույթի հետքերը ոչնչացնելու մոլուցքը հասել է այն աստիճանի, որ որոշ տեղերում խաչքարերը թաղել են խոր փոսերում և վրան ծառեր տնկել: Խորհրդային տարիներին այդ տարածքներն անվանվեցին «Բարեկամության զբոսայգիներ»:
Վրաց հոգևորականները` մոլեռանդ ազգայնամոլներ
Վրաստանի իշխանությունների խայտառակ քաղաքականության գագաթնակետը համարվում է Նորաշենի եկեղեցու յուրացումը: Տարիել անունով վրացի քահանան քլունգը ձեռքին անձամբ է քանդել Նորաշենի եկեղեցու բեմը, մկրտարանի ավազանը, պատերից քերել հայկական որմնանկարները: Եկեղեցու վրացացումը այդքանով ավարտված չհամարելով` քահանան դիմում է մեկ այլ հրեշավոր քայլի. 2005 թ. գարնանը եկեղեցու հարավային պատին կից հանկարծ հայտնվում է ՙվրացական՚ մի փոքրիկ նորաթուխ գերեզմանոց` 19-րդ դարի մի քանի տապանաքար` վրացերեն արձանագրություններով: Դրան հաջորդում է թերթերից մեկին քահանայի տված հարցազրույցը, ուր նա հայտարարում է, թե ինքը եկեղեցու բակում վրացական գերեզմանոց է հայտնաբերել. ՙՊետք չէ զարմանալ, չէ՞ որ եկեղեցին վրացական է՚,- եզրահանգել է քահանան: Սակայն տեղացի հայերը բացահայտում են վրացի հոգևորականի ձեռքով իրականացված խեղկատակությունը, պարզելով, որ 19-րդ դարի աճյունները վրացական Մլեթի գյուղից Տարիելն անձամբ է տեղափոխել ու վերաթաղել հայկական եկեղեցու բակում: Այս դժվար աշխատանքը նա կատարել է միայն մեկ նպատակով, որպեսզի եկեղեցին հայտարարի վրացական: Հայ ճարտարապետի եզրահանգումն է. «Եթե այս ազգի հոգևոր հովիվն ընդունակ է իր հանգուցյալների գերեզմանները քանդել ու նրանց տապանաքարերը տեղից տեղ փոխադրել, պղծելով նրանց հիշատակը, պարզ չէ՞, որ օտարինը կպղծի էլ, կքանդի էլ: Վրացի հոգևորականներն իրենց ազգայանամոլական նպատակներին հասնելու համար պատրաստ են սեփական ազգի հերն էլ անիծել»:
Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որ համարվում է 1356 թվականի կառույց, խորհրդային տարիներին վրացիները նախ վերածեցին ազգագրական թանգարանի, ապա ծառայեցրեցին որպես պահեստ, իսկ 1990 թվականին վրացի փորձագետները որակելով վթարային` առաջարկեցին ամբողջությամբ քանդել տաճարը:
Վրաստանի մշակույթի նախարարությունում գիտեին, որ վաղ թե ուշ եկեղեցին փլվելու է և սպասում էին այդ օրվան… 2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին վերջնականպես փլուզվեց: Ի պատասխան հայկական կողմի բողոքներին, Վրաստանի իշխանությունները հերթական սուտ խոստումները տվեցին, թե գարնանը եկեղեցին կվերականգնվի: Եկեղեցին, բնականաբար, շարունակում է չվերականգնված մնալ, փոխարենը գարնանը մեզ հասավ մեկ այլ հայկական եկեղեցու` Ախալցխայի Երևման Սուրբ Խաչի քանդման լուրը: Այն դարձյալ հայկական եկեղեցիները ոչնչացնելու վրացական քաղաքականության հերթական ՙզոհն է՚, հերթական յուրացվող, ՙվերականգնվող՚ հուշարձանը: Պեղումների անվան տակ վրաց շինարարներն այսօր զբաղված են եկեղեցուց հայկական հետքն իսպառ ոչնչացնելու գործով. ջարդում են խաչքարերը, ջնջում հայատառ արձանագրությունները:
Ի՞նչ անել շարունակվող սպիտակ ջարդը կանգնեցնելու համար. հարցի պատասխանը մեկն է` Հայաստանի իշխանությունները պարտավոր են հուշարձանների ոնչնչացման հայցով դիմի միջազգային դատարան:
Սահակաշվիլին պատանդ հոգևոր դասի ձեռքո՞ւմ
Ի դեպ, երբ ամերիկյան Դեթրոյիթ քաղաքի հայ հոգևոր հովիվը Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ մեծ ցավ է հայտնել հայկական եկեղեցիների վրացացման զարհուրելի քաղաքականության մասին, ապա Վրաստանի նախագահին նվիրել ճարատարապետ Սամվել Կարապետյանի հեղինակած ՙՎրաց պետական քաղաքականությունն ու հայ մշակույթի հուշարձանները՚ գիրքը, Վրաստանի նախագահն ասել է.«Ինչ որ գրված է այս գրքում` ճշմարտություն է, բայց ես անզոր եմ մեր եկեղեցու դեմ ելնել, այլապես իմ դեմ դուրս կգան»: Անկե՞ղծ է Սահակաշվիլին, թե ոչ` դժվար է ասել: Չնայած դա այլևս այնքան էլ էական չէ, կարևորն այն է, որ քրիստոնյա Վրաստանը շարունակում է բարբարոսաբար ոչնչացնել քրիստոնյա հայ ժողովրդի դարերով ստեղծած հոգևոր արժեքները:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
ArmAr.am












