ԱԺ նախագահ.«Թուրքիան սկսեց առաջ քաշել նախապայմաններ»
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություներին:
ՀՀ ԱԺ խոսնական ասել է.«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը: Հայաստանը, մեծապես արժևորելով իր այս նախաձեռնությանը միջազգային մակարդակով ցուցաբերած միջնորդությունը և ձգտելով պահպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսևորվի քաղաքական կամք և դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին և արձանագրություններից բխող իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը` Հայաստանի Հանրապետությունն անմիջապես ներառեց սույն փաստաթղթերի վավերացման գործընթացը Ազգային ժողովի օրակարգում: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի նման կառուցողական դիրքորոշումը:
Ցավոք, Թուրքիան ավելի քան մեկ տարի ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս գործընթացում, այլ հակառակը, սկսեց առաջ քաշել նախապայմաններ, ինչը որևէ առնչություն չունի արձանագրություններում ամրագրված դրույթների հետ: Հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը: Մեր համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության և համագործակցության ամրապնդմանը:
Սույն հարցի կապակցությամբ կցանկանայի դիմել Ձեր Հանձնաժողովին` ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետևողական կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործում», -ասել է ԱԺ նախագահը:
ArmAr.am












