Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լեհաստանի ԱԳ նախարար.«Մենք կարևորում ենք Հայաստանի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացումը»

Հուլիս 14, 2010թ. 13:36

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Վերջին շրջանում ավանդական ջերմ և բարեկամական հայ-լեհական հարաբերությունները առավել ակտիվացել են ` մեր երկրների միջև ընթանում է բարձր մակարդակի պարբերական քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են տնտեսական համագործակցությունը և մշակութային փոխանակումները: Այս այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու հայ-լեհական համագործակցության ընթացիկ օրակարգը, նախանշելու նոր ծրագրեր»:

Լեհաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ասել է, որ Լեհաստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացումը, առկա ներուժի օգտագործումը և իր այցի հիմնական նպատակն է գործուն քայլեր կատարել այդ ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին գոհունակությամբ արձանագրել են համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք և լավ նախադրյալներ:

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ, կարևորել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը` որպես արդյունավետ համագործակցության ևս մեկ ձևաչափ:

Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը և պայմանավորվել այդ նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Էդվարդ Նալբանդյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Նախարարներն անդրադարձել են նախորդ օրը Երևանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին:

Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց են ունեցել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքի ևայդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Արևլյան գործընկերության ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը և բազմակողմ համագործակցության ծավալումը:

Բանակցությունների օրակարգում էին Հարավային Կովկասի խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Երկուստեք նշվել է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը:

Լեհաստանի արտգործնախարարը այցելել է նաև Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ուր ծաղկեպսակ դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն