Գլխավոր » Society, Լրահոս, Վերլուծական

Քննական մղձավանջ, որ դարձել է շարունակական

Հուլիս 15, 2010թ. 10:00

AvikԲուհական ընդունելության քննությունները դիմորդների գիտելիքներն ստուգելու և, ըստ համապատասխան արդյունքի, նրանց բուհ ընդունելու միջոց են: Շրջանավարտները դիմում են բուհ,կամ ընդունվում են, կամ չեն ընդունվում, հանգիստ գնում են տուն, հաջորդ տարի, եթե սովորելու ցանկությունը պահպանվում է, նորից են դիմում: Սա` նորմալ պայմաններում` զարգացած հասարակություններում:

Մեր իրականության մեջ, սակայն, ընդունելության քննությունները վերածվում են սոցիալ-հասարակական մղձավանջի, որի մեջ ներքաշվում են թե պետական կառույցները, թե հասարակական բոլոր շերտերը` քննությունների ելքը համարելով ազգուտոհմի արժանապատվության հարց: Եվ ամռան շոգի մեջ եփվում է հասարակության քննական հիստերիան: Մի ժամանակ սա վերագրվում էր ուսումնատենչ հայ ժողովրդի ազգային առանձնահատկությանը, և ինչ- որ առումով ճիշտ էր, բայց ներկայումս քննական մղձավանջը ուսումնատենչության հետ որևէ կապ չունի,քանի որ բուհերի հազարավոր շրջանավարտների գիտելիքների մակարդակը միջնակարգից ցածր է:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում աշխատատեղերի զարհուրելի պակաս կա: Այսինքն, ստացվում է, որ քննական պայքարը… գործազուրկ դառնալու համար է: Նպատակը մեկն է` գործազուրկի կարգավիճակը մի քանի տարով հետաձգելը: Խոսքը, իհարկե, վերաբերում է բացարձակ մեծամասնությանը, ոչ «էլիտային», որոնց երեխաներին ընդամենը դիպլոմ է պետք` արտասահման փախցնելիս համապատասխան նշում կատարելու համար:

Վատն այն է, սակայն, որ երեխաները դպրոցն ավարտելուց անմիջապես հետո հայտնվում են զարհուրելի մի մթնոլորտում, իրենց դեռ անպատրաստ հոգեբանությամբ կանգնում մեծերի կողմից բորբոքված հսկայական ծանրության տակ` «բա որ չընդունվեմ»… Հենց սա էլ անհաջողության դեպքում դառնում է անձնական ողբերգության պատճառ, երբեմն դեռահասներին մղում նույնիսկ ինքնասպանության: Այս երևույթի դեմ մենք աչք փակելու իրավունք չունենք, սա հասարակական անելիք է` քննությունների հանդեպ ընդհանուր վերաբերմունքը փոխելու ճանապարհով: Ոչ մի նորմալ երկրում նման բան գոյություն չունի. ոչ մի նորմալ երկրում շրջանավարտները մայրենիի քննությանը չեն գնում որպես կառափնարան: Ահուսարսափի մթնոլորտում մեռնում է մայրենիի հանդեպ սերը: Եվ երեխան սրանում մեղք չունի, մեղքը նրանցն է, ովքեր ժամանակավորապես իրենց տրված պստիկ իշխանությունը դարձնում են շրջանավարտների գլխին իջնող գավազան: Մասնագետները թերևս ասեն, թե քննությունների ժամանակ ինչ հոգեբանական վնասներ են կրում դիմորդները, բայց որ դրանք կան` անկասկած է:

Բոլորս ականատես եղանք հայոց լեզվի թեստերի հետ կապված աղմուկ-աղաղակին. նույնն էր նաև անցյալ տարի, նույնն էր նախանցյալ տարի: Ում թեստերի կազմումից հեռու են պահում, հարձակվում է «հաջողակի» վրա` առանց դույզն-ինչ ուշադրություն դարձնելու էթիկայի և բարոյականության հարցերին: Որովհետև առաջնորդը ոչ թե դիմորդի շահն է, այլ ձեռքից փախած շահույթը: Ով էլ կազմի թեստերը, դրանք լինելու են խոցելի, քանի որ, ինչպես հիմա ընդունված է ասել, ծտավորման միջոցով լրացվող ռեբուսներով, այն էլ հայերենից, գիտելիք ստուգել հնարավոր չէ. դա միշտ լինելու է թռչնորսություն: Հալածվող թռչունի դերում էլ միշտ լինելու է դիմորդը:

Ի՞նչ ասես, և մանավանդ` ու՞մ…

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ` Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն