Թուրք-ադրբեջանական հերթական երևակայություն
Թուրքական Hurriyet թերթը գրում է, թե Ալմաթիում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Մասնավորապես, քննարկվելու է Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակը:
Հետաքրքիրն այն է, որ թուրքական թերթն առանձնապես ընդգծում է, որ քննարկվելու է Լաչինի միջանցքի եւ խաղաղարար ուժերի տեղակայման խնդիրը:
Հիշեցնենք, որ երեկ Էդվարդ Նալբանդյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությանը եւ նրա այն հայտարարությանը, թե Ալմա Աթայում քննարկվելու է Ֆիզուլիի եւ Քելբաջարի հարցը: ՀՀ ԱԳ նախարան ասել էր. «Ես կարող եմ ասել, որ այդպիսի հանդիպում հնարավոր է եւ այս պահին եռանախագահները ձգտում են կազմակերպել այդպիսի հանդիպում, բայց դեռ վերջնական հաստատված չէ: Եթե այդպիսի հանդիպում կայանա, ապա առաջին հերթին պետք է պարզել, արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սանկտ-Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ-Պետերբուրգում: Կարծում եմ, դա է գլխավոր խնդիրը Ալմաթիի հնարավոր հանդիպման: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը պատասխան արդեն տվել է», – եզրափակել էր ՀՀ ԱԳ նախարարը:
ArmAr.am












