ՀՀ կառավարությունը հաստատել է
-ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը,
-ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվները,
-2010-2012թթ. ընթացքում ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, որի մշակումը, հաստատումը և իրականացումը ՀՀ նախագահի կարգադրությամբ հանձնարարվել է ՀՀ կառավարությանը։ Ժամանակացույցի առաջնային նպատակներից է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղեցույցին։ ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է իրենց կողմից տրված թույլտվությամբ իրականացված անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ, առաջնորդվելով սույն որոշման հավելվածի դրույթներով, կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է նաև պատկան մարմինների համար հատուկ դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք անվերապահորեն կատարեն իրենց վերահսկողական գործառույթները։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի համաձայն «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրությունը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակը։ Անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումն ապահովվելու է ՀՀ ամենամյա պետբյուջեի օրենքով, «Ներառական կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրն հստակեցրել է հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և տեխնիկական այլ միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները, բարելավել վերականգնման գործընթացը։ Նախատեսվում է ստեղծել բուժատեխնիկական հանձնաժողով, որի նպատակն է լինելու աջակցել պարագաների տրամադրմանը, բացառել հաշմանդամի’ լրացուցիչ օղակ դիմելու անհրաժեշտությունը։Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև օժանդակության երկու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթերից մեկը վերաբերում է մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի ծրագրին, մյուսը’ առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավմանը։ Ակնկալվում է, որ աջակցության ռեսուրսները էապես կնպաստեն մեր երկրում մրցունակ մասնավոր հատվածի ձևավորմանը և սոցիալական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։












