Ամերիկահայ կամավորների խումբը շուտով կմեկնի Արցախ
Ամերիկայի Հայկական Համագումարի Կամավորները Ստանում են Աշխատանքային Փորձ և Ամուր Կապեր են Հաստատում Վաշինգտոնում և Երևանում
Այժմ` իր 33-րդ տարելիցին, Համագումարի Տերջենյան-Թոմաս կամավորական ծրագիրը Վաշինգտոնում հայ ուսանողությանը հնարավորություն է տալիս ձեռք բերել հատուկ աշխատանքային փորձ: Ինչպես հարյուրավորներն իրենցից առաջ, մի խումբ տաղանդավոր ամերիկահայ ուսանողներ հունիսին ժամանեցին երկրի մայրաքաղաք իրենց աշխատանքային ուղին սկսելու համար` աշխատելով տարբեր կառավարական հիմնարկություններում, կազմակերպություններում, լրատվամիջոցների գրասենյակներում և մշակութային հաստատություններում:
Վաշինգտոնում անցկացրած իրենց առաջին երկու շաբաթների ընթացքում 2010 թվականի կամավորների խումբը հանդիպեց Հայոց Ցեղասպանության բանաձևը հովանավորող կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, ինչպես նաև մասնակցեց Ներգաղթի հետազոտման կենտրոնի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի, Մարդու իրավունքների դաշնակցության նախագահ Կեթրին Պորտերի, Հայոց ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանի կողմից կազմակերպված դասախոսություններին և քննարկումներին: Կամավորները մասնակցեցին նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարության կազմակերպած հանդիպում-քննարկմանը:
‘Համագումարի կամավորական ծրագիրը անշուշտ հիանալի հնարավորություն է և հիասքանչ փորձառություն’,- նշեց Փոլ Ստրոքը Բերկլիից (Կալիֆորնիա), ով կամավորական աշխատանք է տանում կոնգրեսում հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի մոտ:
Մոտակա շաբաթների ընթացքում խումբը կհանդիպի ներկայացուցիչներ ֆրենկ Փալոունին, Ջեքի Սպիերին, Բրեդ Շերմանին և այլոց: Մասնակիցները նաև կհանդիպեն Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարկարյանի հետ: Ամռանը շրջագայություններ կլինեն տարբեր հաստատություններում, օրինակ Փորագրության և տպագրության բյուրոյում և ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանում:
Միաժամանակ Համագումարի Հայաստանյան 2010 թվականի կամավորական ծրագրի մասնակիցները ամռանը աշխատանքներ են տանում տարբեր կառավարական գրասենյակներում և ոչ կառավարական կազմակերպություններում: ԱՄՆ-ում իրենց ընկերակիցների պես Երևանի ամառային կամավորական ծրագրի մասնակից ուսանողները նույնպես ունեն հարուստ ժամանակացույց, որի մեջ ներառված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների և այլ ականավոր անհատների հետ: Դա իրենց օգնում է ավելի ստույգ պատկերացում կազմել Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական զարգացումների մասին:
Այս տարվա Հայաստանի ծրագրի մասնակիցները հինգն են. Կալիֆորնիայից Արամ Կավուկջյանը, Դիաննա Օգանեսյանը և Անուշ Պետրոսյանը, Մասաչուսեթսից և Վաշինգտոնից` Արամ Պետրոսյանը և Գայա Բալոյանը:
Առաջին անգամ կամավորներ Արամ Կավուկջայնը Լոյոլա Մերիմաունթ համալսարանից և Դիաննա Օգանեսյանը Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանից աշխատում են Հայկական Զարգացման Գործակալությունում (ADA), որը հիմնադրվել է 1998 թվականին Հայաստանի կառավարության կողմից արտաքին ուղղակի ներդրումներին և արտահանումներին նպաստելու համար: Արամը և Դիաննան նաև կամավորական աշխատանքներ են տանում սոցիալապես անապահով երեխաների ՙՕրրան՚ կենտրոնում:
Արամ Պետրոսյանը, ով Ֆարլի Դիքինսոն համալսարանից Է, իսկ Գայա Բալոյանը, ով Սեաթլի Փասիֆիք համալսարանի շրջանավարտ է, աշխատում են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ACNIS): Արամը մասնակցում է նաև Ֆուլլեր կենտրոնում և աշխատանքային ուղևորություններ կատարում հայկական գյուղեր:
Անուշ Պետրոսյանը Գլենդելի Համայնքային քոլեջից աշխատում է Սփյուռքի նախարարությունում, ինչպես նաև ՄԱԿ-ի հայկական ասոցացիայում:
Կամավորները այցելել են Երևանի թանգարանները, ճանապարհորդություններ կատարել դեպի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզեր, ինչպես նաև շրջագայել Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել հանդիպել Ինտել կորպորացիայի նախկին նախագահ դոկտոր Քրեյգ Բարեթի հետ:
Կամավորների խումբը Սահմանադրության օրը նշել է Արագածի վրա և նույն օրը ներկա եղել Հայաստանի պետական պարային համույթի ներկայացմանը: Խումբը շուտով մեկնելու է Ղարաբաղ:
Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունեց երկու կամավորական ծրագրերը: ՙԱվելի քան երեք տասնամյակ է, ինչ 900-ից ավելի ուսանողներ ԱՄՆ-ի բոլոր նահանգներից և ութ երկրներից մասնակցել են Վաշինգտոնում Համագումարի Տերջենյան-Թոմաս Կամավորական ծրագրին: Այս ծրագրի միջոցով մենք պատրաստում ենք առաջնորդների մյուս սերունդը: Համագումարի կամավորական ծրագրերը կազմակերպության առաջնային ուղղություններից են, որոնք իրականություն չէին լինի առանց մեր հովանավորների և անդամների աջակցության՚:












