Մամեդյարով. «Ադրբեջանը համաձայն է 5 տարվա ընթացքում ստանալ Քարվաճառի և Լաչինի շրջանները»
Ադրբեջանը համաձայն է 5 տարվա ընթացքում Քարվաճառի (Քելբաջարի) և Լաչինի շրջանները Ադրբեջանին հանձնելու ԵԱՀԿ ՄԽ առաջարկին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Հայաստանը տարածքների վերադարձի համար 10 տարի ժամկետն էր առաջարկում, իսկ Բաքուն մեկ տարի էր պահանջում։
-Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ բանակցությունների սկզբնական շրջանում Երևանը ժամկետը կրճատեց մինչև 7 տարի, իսկ Ադրբեջանը հանդես եկավ 3 տարվա ընթացքում Քելբաջարից և Լաչինից հայկական զորքերի դուրսբերման առաջարկով,-նշել է Մամեդյարովը։
Նախարարի խոսքերով՝ ներկա պահին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածքների վերադարձի համար 5-ամյա ժամկետ են առաջարկում, և Ադրբեջանը համաձայնել է դրան։ Նա նշել է, որ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ է արել, որոնց թվում էր նաև Ադրբեջանին Քարվաճառի (Քելբաջարի) և Լաչինի շրջանների վերադարձը։
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայմանը, Մամեդյարովն ասել է, թե դեռևս ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացվել, համաձայն որի խաղաղապահները չպետք է լինեն ԵԱՀԿ համանախագահ երկրների կամ տարածաշրջանի պետությունների ուժեր։ Այդ մասին տեղեկացնում է «Trend.az»-ը:
ArmAr.am












