Հայերի ու ռումինների փոխադարձ համակրանքը համագործակցության ամուր հիմքեր են ստեղծում
Ս. թ. հուլիսի 14-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Բուխարեստի քաղաքապետարան, որտեղ նրան ընդունեց քաղաքապետ Սորին Օպրեսկուն /Sorin Oprescu/: Հանդիպումն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում:
Ծավալված զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Ռումինիայի ԱԺ փոքրամասնությունների խմբի նախագահ, Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, երկուստեք նշվեց, որ ինչպես Բուխարեստում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայոց դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը եւ ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Բուխարեստի կենտրոնում գտնվող Հայոց եկեղեցին, Հայկական փողոցը, Զամբաքչյան թանգարանը, պատմական արժեք ներկայացնող Հանուլ Մանուկ հայտնի իջեւանատեղին եւ այլ վայրեր ճանաչված են բնակիչների եւ այցելուների կողմից ու դարձել են քաղաքի այցեքարտեր:
Այնուհետեւ զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Ռումինիայի մայրաքաղաքների միջեւ ուղիղ կապեր հաստատելու եւ զանազան ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալելու հնարավորության մասին: ՀՀ դեսպանը, պրն. Օպրեսկուին փոխանցելով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ողջույնը եւ Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը, հայտնեց, որ Երեւանը պատրաստ է Բուխարեստի հետ քննարկել եղբայրական կապերի հաստատման հարցը, ինչը հավանությամբ ընդունվեց Սորին Օպրեսկուի կողմից:
Ընդգծվեց, որ այս իմաստով նպաստավոր պայմաններ են ստեղծում ինչպես ապակենտրոնացված մակարդակով, այնպես էլ Ֆրանկոֆոն մայրաքաղաքների միջազգային ընկերակցության շրջանակներում համագործակցությունը:
Զրուցակիցները պայմանավորվեցին առաջիկայում շարունակել խորհրդակցությունները Հայաստանի հետ կապերի խորացման, ինչպես նաեւ զույգ մայրաքաղաքներում առանձին ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությամբ:












