Գլխավոր » Լրահոս

Վարչապետ Սարգսյանը հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ

Հուլիս 17, 2010թ. 10:58

Tigran Sargsyan-LujsՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ։ Նրանք Հայաստանում են գտնվում «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին մասնակցելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում ուսանողները կլինեն Գյումրի, Ջերմուկ, Սևանի Ծաղկունք և Արցախի Վանք համայնքներում և իրենց գիտելիքները կփորձեն կիրառել Հայաստանի զարգացման սցենարներ ու ծրագրեր մշակելու ուղղությամբ։

Վարչապետը ողջունել է ներկաներին և ողջույնի խոսքում մասնավորապես նշել. «Լույս» հիմնադրամի նպատակն է աջակցել տաղանդաշատ երիտասարդներին` կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում։ Վստահ ենք, որ «Լույս» հիմնադրամի հնարավորություններից օգտվող ուսանողների քանակն այս տարի ավելանալու է։ Մեզ համար չափազանց կարևոր է ձևավորել նոր միջավայր, որն անվանում ենք Հայկական աշխարհ, և շնորհիվ այդ միջավայրի ստեղծելու ենք ձեզ համար ինքնազարգացման ու ինքնաիրացման բարենպաստ պայմաններ»։

Կարևորելով Հայկական աշխարհի ձևավորման գործում «Լույս» հիմնադրամի գործունեությունը` կառավարության ղեկավարը մատնանշել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի` որպես Հայկական աշխարհի կառույցի դերի կարևորությունը։ Նա ընդգծել է, որ այդ կառույցները որոշիչ դեր ունեն Հայաստանի ազգային մրցունակության բարձրացման գործում։

Ընդգծելով գիտելիքի դերի կարևորությունը ժամանակակից աշխարհում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Եթե ինդուստրիալ հասարակության տնտեսական համակարգի հենքը ապրանքների և ծառայությունների արտադրությունն էր, ապա պոստինդուստրիալ հասարակություններում հենքային գործընթացը մտագործունեությունն է։ Ժամանակակից հասարակության կարևոր ապրանքը նոր գիտելիքն է։ Այն որակապես փոխում է հասարակության կազմակերպման բովանդակությունը»։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, հիմնադրամի կրթական խորհրդի անդամներ Տեր Մեսրոպ Արամյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն