Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին խոսել է փոխզիջման անհրաժեշտությունից

Հուլիս 17, 2010թ. 12:40

Մի քանի ժամ առաջ Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ համագումարը:

Համագումարին ներկա են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը, ընդդիմության այլ գործիչներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը դահլիճ է մտել մի քիչ ուշացումով:

Հաշվի առնելով ՀՀՇ-ում առկա ներքին խմորումները, որոնց արդյունքում հրաժարական տվեցին ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, հհշ-ականերն այն կարծիքին են, որ այս համագումարը շատ հարցերի պատասխան կտա: Ի դեպ, համաձայն մամուլում տարածված տեղեկատվության, ներկուսակցական խմորումների պատճառը ՀՀՇ-ի ապագա գործունեության, մասնավորապես, առաջիկա համապետական ընտրություններին կուսակցության  մասնակցության շուրջ տարաձայնություններն են եղել:

ՀՀՇ համագումարում ելույթ է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա կրկին հայտարարել է, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, զարգացման, ժողովրդագրական հեռանկար չունի: Նրա խոսքով, հարցերի հարցը դեմոգրաֆիան է: Ներկայիս ստատուս քվոյից կառչելը նշանակում է արտագաղթ Հայաստանից ու Արցախից: Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում` ոչ հայանպաստ փոխզիջումային քաղաքականության ջատագով Տեր-Պետրոսյանն ասել է. «Ուժը չի կորցրել իմ այն պնդումը, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է: Հիմա խաղաղ կարգավորման դիվանագիտական վերջին ջանքերն են գործադրվում: Վերջին, բայց դա չի կարող երկար շարունակվել»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ողջույնի խոսքով ելույթ ունենալով ՀՀՇ համագումարում, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, թե իր կուսակցությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը հանուն երկրում սահմանադրական կարգի հաստատման:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը,   ողջունելով ՀՀՇ-ականներին և ասել, թե չափազանցություն չի լինի, եթե ասի, որ ՀՀ  երրորդ հանրապետության պատմությունը համընկնում է  ՀՀՇ-ի պատմության հետ, ու եթե առաջին տասը տարիներին ամեն ինչ հասկանալի էր, որովհետև ՀՀՇ-ն էր իշխանության, ապա դրան հաջորդող տարիները մի տեսակ ուսանելի էին, որովհետև իշխանություններն անընդհատ ՀՀՇ-ին մեղադրում էին, ՀՀՇ-ից ակնկալիքներ ունեին, և հասարակությունը նույնպես մեծ ակնկալիքներ ուներ։

Արամ Սարգսյանն ընդգծել է նաև, թե ամեն անգամ ՀՀՇ-ին քննադատելով և նրանից որևէ բան պահանջելով՝ իշխանությունները չէին հասկանում, որ դրանով իսկ ուժեղացնում էին Հայոց համազգային շարժումը։ Նա նշել է, թե լավ կլինի, որ այդ համագումարում քննարկվեն ոչ միայն ներկուսակցական, այլև Հայաստանին վերաբերող շատ խնդիրներ։

Ա. Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ասելով, թե որքան էլ Հայաստանի իշխանությունները ֆուտբոլ խաղան հարևանների հետ, հարևան-հարևան խաղան, մեկ է, նրանց մոտ ոչինչ չի ստացվում։


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն