ՀՀՇ նոր նախագահը Արամ Մանուկյանն է
ԻՆչպես հայտնի է շաբաթ օրը տեղի ունեցավ ՀՀՇ կուսակցության հերթական համագումարը, որը ընտրեց 31 հոգուց բաղկացած նոր վարչություն:
Նորընտիր վարչության անդամներն են Երջանիկ Աբգարյանը, Սամվել Աբրահամյանը, Կարեն Աղաջանյանը, Բագրատ Անդրեասյանը, Անահիտ Բալասանյանը, Գևորգ Գևորգայնը, Քոչար Դավթյանը, Շալիկո Զորօղլյանը, Արարատ Զուրաբյանը, Սարգիս Թամազյանը, Հովհաննես Իգիթյանը, Լևիկ Խաչատրյանը, Հրաչ Հակոբյանը, Վահագն Հայոցյանը, Սեյրան Հովհաննիսյանը, Հարություն Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, Լիդա Մելիքյանը, Արտուշ Մելիքբեկյանը, Հուսիկ Մելքոնյանը, Րաֆֆի Մելքոնյանը, Վիկտոր Միրումյանը, Սամվել Մկրտումյանը, Կորյուն Մհերյանը, Սոնա Մուրադյանը, Աշոտ Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը:
ՀՀՇ վարչության կազմում են ընտրվել նաև մարտի 1-ի դեպքերի հետևանքով կալանավորված Հարություն Ուռուտյանը, Արամ Բարեղամյանն ու Աշոտ Մանուկյանը, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը:
Հայոց Համազգային շարժում կուսակցության նորընտիր վարչությունն էլ ընտրեց կուսակցության նոր նախագահ` Արամ Մանուկյանին, իսկ փոխնախագահ` Սամվել Աբրահամյանին: Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահը Արարատ Զուրաբյանն էր, իսկ փոխնախագահը` Խաչատուր Քոքոբելյանը, որոնք իրենց կամքով հրաժարական էին տվել:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Արամ Մանուկյանի ընտրության առնչությամբ ասում է.«Արամ Մանուկյանի ընտրությունը հուշում է, որ ՀՀՇ-ն կորցնելու է իր ավտոնոմիան՝ ավելի ինտեգրվելով ՀԱԿ գործունեությանը: Բոլորն անհամբերությամբ սպասում էին ՀՀՇ համագումարին: Ներկուսակցական խնդիրներն ինձ առանձնապես չէին հուզում, որովհետև ակնհայտ էր, որ համագումարն անցկացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական վերահսկողությամբ և անակնկալներ չեն լինելու»:












