Տեր-Պետրոսյանը խոսել է թուրքամետ շեշտադրմամբ
Շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագոմարի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսելով արցախյան հակամարտության լուծման մասին, մասնավորապես, ասել էր. «Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախևառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը։ Նրանց կողմից արվող մնացյալ դատողությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին սոսկ դատարկախոսություն են և վիրավորված արժանապատվության արտահայտություն»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով տեր-պետրոսյանական շեշտադրումներին, ասել է.«Համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի տվյալ դիտարկման հետ: Իշխանությունների դիրքորոշումը միանշանակ է` դրանք տարբեր գործընթացներ են և որևէ փորձ թուրքական կողմից այդ գործընթացները միմյանց հետ փոխկապակցելու դատապարտված է լինելու»:
«Դրանք բացարձակապես տարբեր գործընթացներ են, և մեկը մյուսով պայմանավորելը ուղղակի անթույլատրելի է: Եթե մեկը մյուսով մենք պայմանավորենք, ապա ըստ էության կստացվի, որ մենք հաստատում ենք և ընդունում ենք թուրքական կողմի այն նախապայմանը, որ քանի դեռ չի կարգավորվել ԼՂ հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում մենք որևէ առաջընթաց արձանագրել և սպասել չենք կարող»,- ասաց նա:
Պատգամավորը նաև հավելել է` հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, թե գնդակը Թուրքիայի դաշտում է.«Սրանք բացարձակապես իրար հետ որևէ կերպ չզուգահեռվող գործընթացներ են: Կարելի է ասել, որ, այո, այս երկու գործընթացներն էլ առկա են այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում` մեկ տարբերությամբ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է, գերակա օրակարգն է, ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այո, հայկական կողմը նախաձեռնել է հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ դնելու գործընթաց, ինչը ուղղակիորեն փակուղի է մտել Թուրքիայի «ջանքերով»»:












