Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Ցանկանում ենք մեծ օգուտ տված լինել այս երկրին»

Հուլիս 19, 2010թ. 16:29

Այսօր ԱԳՆ-ում կազմակերպված ասուլիսում Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն այսպես որակեց Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

«Ցանկանում ենք մեծ օգուտ տված լինել այս երկրին այս համաձայնագրով, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական զարգացումները Հայաստանում, որպեսզի ապահովվի երկարատև կայունություն, որպեսզի լինի բարեկեցություն ու արմատախիլ արվի աղքատությունը: Սա է մեր հիմնական նպատակը այս գործընթացում», -ասոցացման համաձայնագրի նպատակը ներկայացրեց Վիգանդը:

Նա հավելեց, որ համաձայնագրի կատարման արդյունքում Հայաստանը կդառնա «գրավիչ վայր» տնտեսական ներդրումների համար, իսկ ահա քաղաքական ասոցացումը, եվրոպացու խոսքով, Հայաստանում պետք է նպաստի ժողովրդավարության, իրավունքի գերակայության ու բարեխիղճ կառավարման ամրապնդմանը:

Գլխավոր բանակցող, ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը ներկայացրեց, որ Ասոցացման համաձայնագիրն արտացոլելու է կողմերի միջև գոյություն ունեցող ամուր կապերը և ընդհանուր արժեքները, այն կներառի մի շարք ոլորտներում, մասնավորապես` արտաքին և անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, տեղաշարժի մարդու իրավունքների ու էներգետիկայի բնագավառներում փոխադարձ սերտ համագործակցության ուղենիշները:

«Այս համաձայնագիրը նպատակ է ունենալու նաև դյուրացնել եվրոմիության հետ քաղաքական ասոցացումը և խթանելու տնտեսական ինտեգրացումը», -պարզաբանեց պաշտոնյան:

Նա տեղեկացրեց, որ մեկնարկային այս հանդիպման ընթացքում եկել են համաձայնության, որ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան երեք թեմատիկ խմբերով, որոնք կբանակցեն քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատությունների, ինչպես նաև տնտեսական, ֆինանսական, մշակութային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:

Ըստ Վիգանդի, «հավակնոտ ժամանակացույց» են համաձայնեցրել` աշխատանքային խմբերը նիստերը գումարելու են 8-10 շաբաթը մեկ անգամ` հերթով` Բրյուսելում և Երևանում:

Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո, այն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկամյա ժամկետով: Ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի և էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաև ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:

Հիշեցնենք, որ ՀՀ կողմից բանակցային գործընթացի կազմակերպման նպատակով հուլիսի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր կարգադրություն «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին», ըստ որի, ՀՀ կողմից բանակցությունների համակարգողն է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցողն է ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն