Հ.Աբրահամյան.«Հայաստանը կարևորում է արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը»
ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Պարսից Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի քաղաքական գործընթացներին և տնտեսական նվաճումներին: Այս առումով նա բարձր գնահատեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում եւ կարեւորեց առևտրատնտեսական համագործակցության ձեռքբերումները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը զիջում է առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին եւ առաջարկեց ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները:
ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահը նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` նշելով, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Պարոն Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ եւ բազմակողմ գործակցությունը, փոխայցելությունները: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում: Մոնակոյի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւորեց գործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Հովիկ Աբրահամյանը Մոնակոյի իր գործընկերոջը մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ շեշտեց, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ձեւաչափ մեր երկրի համար ընդունելի չէ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխգործակցությանը առնչվող այլ հարցեր եւս:












