Հայոց ցեղասպանությունը հերքել հանդգնողը կտուգանվի 45.000 եվրո և կդատապարտվի 5 տարի ազատազրկման
Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված, սակայն Սենատի օրակարգում առայժմ չներառված Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծը դարձյալ հայտնվել է քննարկումների կիզակետում:
Թուրքական լրատվամիջոցներն արձագանքելով փաստին անհանգստություն են հայտնում այդ առնչությամբ:
Մասնավորապես արձագանքել է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: Հոդվածագիրը գրում է, թե Հայոց Ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրինագծերը Սենատում երեքն են, որոնք հեղինակել են սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ 2006-ի հոկտեմբերին Հայոց ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրենքի նախագիծը ընդունվել էր Խորհրդարանի ստորին պալատում: Այժմ սպասվում է, որ այդ օրինագիծը 2011 թվականի Սենատի ընտրությունների նախաշեմին որոշ սենատորների կողմից այդ հարցն օրակարգ կբերվի: Օրինագծի համաձայն Հայոց ցեղասպանությունը հերքել հանդգնողը պետք է տուգանվի 45.000 եվրոյով և մինչև 5 տարի ազատազրկվի:
Թուրքական պարբերականը նշում է, որ այդ օրինագծի` Սենատի օրակարգում ընդգրկվելու հավանականությունը շատ մեծ է. «Աշնանը Սենատի ընտրություններն են: 500 հազար հայ ընտրողներ կան: Թուրքերի թիվը ևս 500 հազար է, բայց նրանցից միայն 60 հազարը ընտրական ձայնի իրավունք ունեն: Հետևաբար, ֆրանսիայի քաղաքական գործիչները հակված են լինելու անսալ հայկական սփյուռքին»,-եզրակցնում է թուրք հոդվածագիրը:












