Մահմուդ ալ-Աբրաշի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ:
Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ամենաջերմ զգացումներն են տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր բարեկամությունը: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որ Սիրիայում արժանացան եղեռնից մազապուրծ նրա հազարավոր զավակները:
Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա եւ երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերը և բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հայաստանը շահագրգռված է աշխատել հայ-սիրիական քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային, կրթական և այլ բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նշելով, որ Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան-Սիրիա բարեկամության խումբ` ԱԺ նախագահը կարևորեց բարեկամական խմբերի դերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Մահմուդ ալ-Աբրաշի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, նշելով, որ 21-րդ դարում հակամարտությունները չպետք է լուծվեն ռազմական ճանապարհով: Մեր երկիրը կողմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Սիրիայի խորհրդարանի ղեկավարը կարեւորեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացումը եւ տեղեկացրեց, որ Սիրիայի խորհրդարանում նույնպես ստեղծվել է պատգամավորական բարեկամության խումբ: Նա նշեց, որ Սիրիան, ինչպես եւ Հայաստանը խաղաղասեր երկիր է եւ շեշտեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև Բահրեյնի Թագավորության խորհրդարանի նախագահ Ալի Բին Սալեհ Ալ-Սալեհի հետ էր: ԱԺ նախագահը կարեւորեց Բահրեյնի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում: Միջխորհրդարանական համագործակցության հիմք է հանդիսացել 2005 թ. Բահրեյնի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը եւ այժմ կարեւոր է զարգացնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց գործակցությունը միջազգային կառույցներում: Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստեց, որ համաժողովը լավ հնարավորություն է ընձեռել հանդիպելու ԱԺ նախագահին: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ Բահրեյնի խորհրդարանում գործում է պատգամավորական բարեկամության խումբ, ինչը կնպաստի միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվեց տնտեսության բնագավառում համագործակցության ակտիվացումը, գործարար շփումները: Կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, անհրաժեշտ համարելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը: Երկու երկրների միջեւ կապերը առավել ամրապնդելու համար ԱԺ նախագահը եւ Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը երկուստեք պաշտոնական այցեր կատարելու հրավերներ ուղղեցին:
ArmAr.am












