Ճապոնիայի հետ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը կարևոր է Հայաստանի համար
Հուլիսի 20-ի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Ժնևյան վերջին հանդիպումը Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ էր:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրների, մասնավորապես` Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը` հաշվի առնելով Ճապոնիայի ներդրումն իր տարածաշրջանում և աշխարհում միջազգային անվտանգ մթնոլորտի ստեղծման, տնտեսության և միջազգային առևտրի, բնապահպանական հարցերում, ինչպես նաև զարգացող երկրներին օգնություն հատկացնելու գործում:
Պարոն Աբրահամյանը նշեց, որ այս տարվա հուլիսից Տոկիոյում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, ինչը նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը կովկասյան տարածաշրջանում և գնահատում է Ճապոնիայի ջանքերը մեր տարածաշրջանի բոլոր պետությունների հետ հավասարակշիռ և համազոր հարաբերություններ զարգացնելու համար: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանը և Ճապոնիան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում մեր երկրներին հուզող հարցերի շուրջ:
Հայաստանի խորհրդարանը կարևորում է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խթանումը: Այդ կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Ճապոնիայի հետ խորհրդարանական բարեկամության խումբ: Բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը` ԱԺ նախագահը կարեւորեց ավելի լիարժեք առևտրատնտեսական համագործակցության անցումը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:
Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը, ինչին կնպաստի նաեւ խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
ArmAr.am












