Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Տաթևում հայտնաբերվել է 17-րդ դարի ձիթհանի հին մեխանիզմը

Հուլիս 21, 2010թ. 13:19

Tatevi vankՕրերս Տաթևի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում’ արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը և կավե կուժերը:

Տաթևի Ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում’ ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

17-րդ դարի այս Ձիթհանը ոչ միայն պատմական կարևոր հուշարձան է: Վերականգնման աշխատանքների արդյունքում այն կդառնա նաև զբոսաշրջային արդյունք’ այցելուներին ներկայացնելով Տաթևի տարածաշրջանի հնադարյան մշակույթի և խոհարարության ավանդույթներից մեկը:

Աշխատանքներն իրականացվում են հետևյալ երեք փուլերով’ նախագծում և վերականգնում, հետազոտություն, արդյունքի մշակում և ցուցադրում:

Հետազոտական և վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախաձեռնությամբ կազմվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով’ բաղկացած վերականգնման, ճարտարապետության և մշակույթի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներից:

Ըստ ժամանակացույցի, հուշարձանը կվերանորոգվի ս.թ. հոկտեմերին’ պատրաստ լինելով ցուցադրության թանգարանային ոճով և այցելուներին ներկայացնելով Տաթևում ձեթի արտադրության ամբողջ պատմությունը: Այնուհետև կընթանան մեխանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առաջապահ նախաձեռնությունն է’ հիմնված պետական և մասնավոր ոլորտների համագործակցության վրա: Այն նպատակ ունի վերականգնել և պահպանել Տաթևի վանքը և զարգացնել տարածաշրջանը’ նորովի ներկայացնելով դրա հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը և դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերականգնում, վանական և կրթական ավանդույթների վերականգնում, շրջակա յոթ գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում և ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցում:

Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են հիմնադրամից:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն