Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Համակարգիչների համաշխարհային շուկան աճել է 20 տոկոսով

Հուլիս 21, 2010թ. 13:38

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում անհատական համակարգիչների համաշխարհային մատակարարումները կազմել են 82,867 մլն, ինչը 20,7 տոկոսով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին տեղեկացվում է Gartner հետազոտական ընկերության տարածած  հաղորդագրության մեջ:

Gartner-ում սպասում էին, որ ապրիլ-հունիսին համակարգիչների մատակարարումները կավելանան ընդամենը 19,3 տոկոսով:

«Երկրորդ եռամսյակի նախնական արդյունքները խոսում են անհատական համակարգիչների շուկայի շարունակվող բարելավման մասին եւ աճի երկնիշ տեմպեր են արձանագրում երրորդ եռամսյակն անընդմեջ,- ասել է ընկերության վերլուծաբան Միկակո Կատագավան, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ:

– Վերջնական օգտատերերի ծախսերը երկրորդ եռամսյակում ավելացել են գրեթե 13 տոկոսով: Վաճառքի միջին գինը շարունակում է նվազել, բայց անհամեմատ ավելի ցածր տեմպերով, քան վերջին երկու տարում»: Աշխարհում անհատական համակարգիչների խոշորագույն մատակարար է մնում ամերիկյան Hewlett-Packard-ը (HP), սակայն նրա ցուցանիշների աճի տեմպերը հետ են մնում ճյուղի միջին ցուցանիշներից:

Այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը մատակարարել է 14,455 մլն համակարգիչ, ինչը 12,3 տոկոսով բարձր է 2009 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ապրիլ-հունիսին շուկայում HP-ի բաժինը մեկ տարի առաջվա 18,8 տոկոսից կրճատվել է մինչեւ 17,4 տոկոս, դրա հետ մեկտեղ երկրորդ տեղն զբաղեցնող տայվանյան Acer ընկերությունը մոտեցել է առաջատարին` իր բաժինը 12 տոկոսից ավելացնելով մինչեւ 13 տոկոս: ԱՄՆ-ում երկրորդ եռամսյակում անհատական համակարգիչների մատակարարումները գերազանցել են 17,9 միլիոնի մակարդակը, ինչը 16 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ծավալից:

Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ցուցանիշն ավելացել է 21,6 տոկոսով` մինչեւ 24,1 մլն համակարգիչ, իսկ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճը կազմել է 25,4 տոկոս` մինչեւ 27,8 մլն:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն