Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Քաբուլում կայացել է Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողով

Հուլիս 21, 2010թ. 17:10

Ս.թ. հուլիսի 20-ին Քաբուլում կայացավ Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողով, որը համատեղ կազմակերպել էին Աֆղանստանի կառավարությունը և ՄԱԿ-ը: Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որն անցկացվում էր Աֆղանստանում. նախորդ չորս խորհրդաժողովները հյուրընկալել էին տարբեր եվրոպական մայրաքաղաքներ:

Հավաքի բացումը կատարեցին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Խորհրդաժողովին մասնակցում էին ավելի քան 70 պետությունների և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը:

Խորհրդաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:

Աֆղանստանի նախագահը, ինչպես նաև ելույթ ունեցողներն անդրադարձան հետևյալ խնդիրներին.

-միջազգային աջակցության առավել արդյունավետ իրացում` այն երկրի կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցման և ազգային բյուջեում ներառման միջոցով,

-Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի` բանակի և ոստիկանության, կարողությունների ամրապնդում և նրանց անվտանգության ապահովման գործառույթների աստիճանական փոխանցում,

-տարածաշրջանային համագործակցության ամրապնդում և հարևան երկրների հետ փոխգործակցության միջոցով երկրում կայունության ու անվտանգության երաշխավորում,

-երկրի ներսում հաշտեցման և վերաինտեգրման գործընթացների իրականացում,

-կոռուպցիայի դեմ գործնական պայքար և տարբեր մակարդակներով արդյունավետ կառավարման ապահովում:

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները հավանության արժանացրին «Աֆղան կառավարության նորացված հանձնառությունը աֆղան ժողովրդին, միջազգային հանրության նորացված հանձնառությունը Աֆղանստանին» կոմյունիկեն:

Խորհրդաժողովը բարձր մակարդակով հստակ ուղերձ հղեց աֆղան ժողովրդին և միջազգային հանրությանը, որ չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին` երկարատև հեռանկարում շարունակվելու է երկրին ռազմական, տնտեսական, ֆինանսական և մարդասիրական աջակցության ցուցաբերումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն