Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Է. Նալբանդյանը տեղեկացրել է Արցախի հիմնահարցի վերջին զարգացումների մասին

Հուլիս 21, 2010թ. 18:50

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով ՙԵվրանեսթ՚-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել էր մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստի սկզբում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարի եւ երկու պատվիրակությունների անդամների միջեւ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների եւ երկրի արտաքին գերատեսչության աշխատանքը համակարգելու խնդիրներին: Պատվիրակության անդամները հնչեցրին առաջարկներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնելու խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը միջազգային տարբեր կառույցներում, ինչպես նաեւ ներկայացվեցին մեխանիզմներ ԱԺ-ԱԳՆ կապն առավել գործուն դարձնելու համար:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով ՙԵվրանեսթ՚-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան վերջին այցի վերաբերյալ` հատուկ շեշտադրելով խորհրդարանական համագործակցության խնդիրները: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` ՙԵվրանեսթի՚ շուրջ ծավալված վերջին զարգացումները` տեղեկացնելով, որ ամենայն հավանականությամբ ՙԵվրանեսթը՚ սեպտեմբերին կգումարի առաջին նիստը:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկատվություն տրամադրեց Վարշավա կատարած իր վերջին այցի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Արեւելյան գործընկերության ծրագիրը: Տիկին Զոհրաբյանը տեղեկություն տրամադրեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` նոյեմբերին կայանալիք նիստի վերաբերյալ:

Քանի որ նիստի օրակարգը չսպառվեց, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում եւս մեկ անգամ հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական դիվանագիտության խնդիրները առավել ընդգրկուն քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն