Ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը «Ոսկե ծիրանում»
Ռեժիսորներ առանց սահմանների /ՌԱՍ/ ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որ իրականացվում է ամեն տարի “Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, և միավորում է Կովկասի և շրջակա երկրների /Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղազախստան և այլն/ կինոնախագծերի ռեժիսորներին և պրոդյուսերներին և ծանոթացնում է նրանց միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոների ներկայացուցիչներին, կինոյի հիմնադրամներին և հավանական այլ համագործակիցներին աշխարհի տարբեր երկրներից:
Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն իրականացվեց արդեն չորրոդ անգամ և դրա շրջանականերում իրականացվեցին երկու հիմնական ծրագրեր.
– ՌԱՍ սցենարի և նախագծի զարգացման դասընթացը /13-15 հուլիս, 2010/, որ 10 նախագիծ հրավիրեց տարածաշրջանի երկրներից /մասնավորապես` Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան/,
– Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ /ՀԹԿՊ/ կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի զարգացման 2-րդ դասընթացը, որ նպատակ ունի զարկ տալ հայ-թուրքական կինոնախագծերի իրականացմանը /12-14 հուլիս, 2010/
Շուրջ 40 նախագիծ էր ներկայացվել վերը նշված ծրագրերին մասնակցելու, որոնցից 10-ը հնարավորություն ունեցան մասնակցելու ՌԱՍ ֆորումին և 6 –ը` ՀԹԿՊ դասընթացին: Կինոյի ոլորտի շուրջ 20 պրոֆեսիոնալներ աշխարհի ամենահեղինակավոր հիմնադրամներից և դպրոցներից հրավիրված էին մասնակցելու ֆորումին` որպես թրեյներներ և հյուր խոսնակներ: Երեք օր տևող ֆորումի օրակարգն ընդգրկեց 20 անհատական հանդիպում նախագիծ ներկայացնող երիտասարդ ռեժիսորների, պրոդյուսերների և սցենարի ու նախագծի զարգացման մասնագետ թրեյներների հետ, ինչպես նաև տասից ավելի պրեզենտացիաներ միջազգային հեղինակավոր հիմնադրամների և դասընթացների վերաբերյալ և մի քանի հյուր դասախոսություններ: Ֆորումին մասնակցող ներկայացուցիչների շարքում էին Վերոնիկ Կայլան / Ազգային Կինոկենտրոն, ֆրանսիա/, Լյուդմիլա Ցվիկովան /Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս Հիմնադրամ, Հոլանդիա/, Ջեյ Ջեոնը /Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսանի առաջխաղացման ծրագիր, Հարավային Կորեա/, Մայքլ Վիդեմանը /Ֆիլմշտիֆունգ NRW, Գերմանիա/, Ուլֆ Սիգվարդսոնը /Գոտեբերգի կինոփառատոնի հիմնադրամ, Շվեդիա/, Ալան Ֆոնտենը /Եվրոպայի Աուդիովիզուալ ձեռներեցներ, Լյուքսեմբուրգ/, Կիրիլ Ռազլոգովը /Մոսկվայի համատեղ արտադրության ֆորում, Ռուսաստան/, Գրացիելլա Բիլդեշեյմը և Ալեսսանդրա Պաստորեն /ՄԱՅԱ դասընթաց, Իտալիա/, Ֆիլլիս Մոլլեն /Եվրոպական պրոդյուսերների ակումբ, Ֆրանսիա/: Այնպիսի հանրահայտ ռեժիսորներ, ինչպիսիք են Կշիշտոֆ Զանուսին և Ռոբ Նիլսոնը հանդես եկան հյուր դասախոսությամբ և կիսեցին կինոյի ոլորտում իրենց փորձառությունը ֆորումի երիտասարդ մասնակիցների հետ:
ՀԹԿՊ զարգացման դասընթացը հյուրընկալեց Մալեք Ուլագայ Թայլանին Թուրքիայի “Այանս 21” ընկերությունից և ֆրանսիական “ԲՈԱ Ֆիլմս” ընկերության ներկայացուցիչ Ջեննիֆեր Սաբբահին` որպես դասախոսներ, ինչպես նաև Չիգդեմ Մատեր Ուտկուին Անադոլու Կուլտուրից: ՀԹԿՊ-ի օրակարգը ներառեց նաև Ֆաթիհ Աքինի, Սեմիհ Կապլանողլուի և Սերժ Ավետիքյանի հյուր դասախոսությունները:
ՀԹԿՊ նախագծերի մրցութային ներկայացումները տեղի ունեցան հուլիսի 14-ին: Հարութ Կբեյանի “Տոհմածառ” /Հայաստան/ նախագիծն արժանացավ 3000 ԱՄՆ դոլարի զարգացման դրամաշնորհի, իսկ Ջանայ Օզդենի “Տիկնիկային Թատրոն” թուրքական և Նիկոլ Պեզճյանի “Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ” հայ-լիբանանական նախագծերը արժանացան 2000-ական ԱՄՆ դոլարի զարգացման դրամաշնորհի:
ՌԱՍ ֆորումի նախագծերի մրցութային ներկայացումներն անցկացվեցին հուլիսի 15-ին: 5000 ԱՄՆ դոլարի չափով զարգացման դրամաշնորհ ստացավ թուրք երիտասարդ ռեժիսոր Բարիշ Հանցիոգուլլարին իր “Լեյլա, ևս մեկ անգամ” նախագծի համար: Իսկ Դավիթ Մաթևոսյանի և Արթուր Սարգսյանի “Վրիպում” նախագծին հնարավորություն տրվեց մասնակցելու Իտալիայի “Մայա” դասընթացին:
Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան Թուրքիա կինոպլատֆորմ կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի զարգացման դասընթացը հնարավոր դարձան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս Հիմնդարամի և Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ:












