Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյանը ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար Գութենբերգին հրավիրել է Հայաստան

Հուլիս 23, 2010թ. 12:46

Sejran Ohanyan-GermaniaՀուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակներում և Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի հրավերով պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Հուլիսի 22-ին Բոննում` Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարությունում, տեղի է ունեցել  ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Կողմերը շեշտել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը: Կարևորելով այն փաստը, որ երկու երկրներն էլ միացել են Աֆղանստանում համատեղ առաքելությանը, կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: Երկու գերատեսչությունների միջև համագործակցության հիմնական ոլորտներն են ռազմական կրթությունը, ռազմաբժշկությունը, ռազմական արդարադատությունը, ռազմական կառավարումը, խաղաղապահ և հրամանատարական կարողությունների զարգացումը:

Նույն օրը ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Գերմերշայմ: ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար դոկտոր Կառլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի ուղեկցությամբ Ս. Օհանյանն այցելել է Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ-Բարրաքս վարժական կենտրոն, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը նախատեղակայման վարժանք է անցնում Աֆղանստան խաղաղարար առաքելության մեկնելուց առաջ:

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է վարժական կենտրոնի և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի նախատեղակայման վարժանքի ծրագրերին ու պայմաններին, հետևել է հայ և գերմանացի զինծառայողների վարժանքներին: Հայկական զորախմբի հետ հանդիպման ժամանակ Ս. Օհանյանը խոսել է միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության կարևորության մասին, հայ խաղաղապահների հետ քննարկել է նրանց ծառայության պայմանները:

Վարժական կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում երկու պետությունների պաշտպանության նախարարները ներկայացրել են այցի ընթացքում տեղի ունեցած  քննարկումների վերաբերյալ իրենց տպավորությունները, խոսել են վարժարանի պայմանների բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումների մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախարար ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար զու Գութենբերգին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն