Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ

Շ.Քոչարյանը մեկնաբանել է Հաագայի որոշումը.«Այն, ինչ խոսում է Ադրբեջանը, լիովին հակասում է միջազգային իրավունքին»

Հուլիս 23, 2010թ. 14:56

Shavarsh Kojaryan

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրին

-Պարոն Քոչարյան, ի՞նչ ազդեցություն կունենա Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի այս վճիռը միջազգային հանրության վրա, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության` միմյանց թվացյալ հակադրվող սկզբունքների ընկալման առումով:

-Նախ` այս որոշումը իրոք աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ Միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հարաբերակցությանը եւ կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից: Ժողովուրդների ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք` ուղղված նաեւ այդ նպատակին հասնելուն: Ճշտեմ` խնդիրը այն չէ, որ մի սկզբունքը գերակայում է մյուսի նկատմամբ, այլ` երբ կա ինքնորոշում, այդ դեպքում տարածքային ամբողջականությունը երկրորդական է, առաջնային է հենց ժողովուրդների ինքնորոշումը, եւ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը: Մեջբերում անեմ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահի` Հիսաշի Օվադայի խոսքից. ‹‹Միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար››: Եւս մի մեջբերում, արդեն լսումների ժամանակ ամերիկյան պաշտոնական ներկայացուցչի խոսքից. ‹‹Միջազգային իրավունքը ոչ արգելում է անկախության հռչակումը, ոչ էլ պահանջում է դրա համար արտոնում (թույլտվություն)››: Այսքանից հետո լիովին ակնհայտ է, որ Ադրբեջանի պնդումները լիովին հակասում են միջազգային իրավունքին: Միջազգային դատարանն, ըստ էության, նաեւ ասաց այո՛ երկու ալբանական պետության անկախությանը` Ալբանիայի եւ Կոսովոյի: Չէ՞ որ բոլորս գիտենք, որ Կոսովոյում նույն ալբանացիներն են ապրում: Դրանից հետո ու՞ր մնացին Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը. ‹‹Հայերը չեն կարող երկու անգամ ինքնորոշվել, երկու պետություն ունենալ…››:

Պարոն Քոչարյան, հարց Ձեր ասածի համատեքստում. Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նախագահ Սարգսյանի երեկվա հնչեցրած հայտարարությունից հետո ադրբեջանական կողմն ակտիվացավ, այսօր տարօրինակ մեկնաբանություն արեց, մասնավորապես արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հայտարարեց , թե Սանկտ-Պետերբուրգում ներկայացվածը աշխատանքային առաջարկներ էին, որոնք արեց կողմերից մեկը` Ռուսաստանը` այդկերպ խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, մինչդեռ մոռանալով, որ ընդամենը մի քանի օր առաջ Ալմաթիում ԵԱՀԿ Մինսկի խմբի արտգործնախարարները վերարժեւորեցին պետերբուրգյան հայտարարությունը ` անվանելով համատեղ հայտարարություն: Ի՞նչ է սա, ինչպե՞ս հասկանանք Ադրբեջանի նման պահվածքը:

-Շատ ճիշտ ձեւակերպեցիք, ‹‹մոռանալով››. այսինքն` մենք ունենք տիպիկ ամնեզիայի, այսինքն` մոռացության դրսեւորում: Վերջիվերջո, ինքը` Ադրբեջանի նախագահը, եռակողմ հանդիպման ժամանակ Սանկտ-Պետերբուրգում տվել է համաձայնությունը այդ փաստաթղթի հիման վրա առաջ գնալ, սա մեկ: Երկրորդը. պնդում կա, թե դա իբր եռանախագահող երկրներից միայն մեկի առաջարկն է: Եռանախագահները այցելել են տարածաշրջան, եւ իրենք քննարկել են առաջընթացը` հիմնված հենց իրենց կողմից աջակցվող այս` սանկտպետերբուրգյան փաստաթղթի վրա: Ալմաթիի երեք երկրների արտգործնախարարների հայտարարությունն էլ ուղղակի հղում է կատարում այդ փաստաթղթին, ինչպես նաեւ համանախագահների հրապարակային հայտարարությանը: Այդ տեսակետից Ադրբեջանը միշտ նույն վարքագիծն է ցուցաբերում. այն, ինչ ձեռնտու չէ, չի տեսնում: Արդյունքն այն է, որ նրանք դադարել են տեսնել այն, ինչ բոլորի համար ակնհայտ է: Այդպես փակ աչքերով ուր է հասնելու Ադրբեջանը` դա իր խնդիրն է:

-Պարոն Քոչարյան, եւ մի հարց էլ քննարկենք եւ այսքանով եզրափակենք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել հունիսի 18-ին ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կազմակերպված սադրանքի արդյունքում զոհված Մուբարիզ Իբրահիմովին հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ զոհվեց հինգ հայ, եւ վիրավորվեց երեք հայ զինվոր: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի որոշմամբ` Իբրահիմովի հիշատակը կանմահանա. որոշվել է նրա անունով կոչել մեկ միջնակարգ դպրոց եւ մի փողոց: Ի՞նչ է սա. Սաֆարով-2, արդյոք, սա առո՞ղջ պահելաձեւ է:

-Նախ արձանագրենք. նա, ով պարգեւատրել է, նա էլ կազմակերպել է այս սադրանքը եւ պարգեւատրում է իր հանձնարարականը կատարելու համար: Երկրորդը`ցավալի է, որ մեր հարեւան ժողովուրդը ձեռք է բերում այսպիսի կերպար, այսինքն` Սումգայիթի ջարդերից հետո հերոսացնել ջարդարարներին, որոնք խաղաղ բնակչության նկատմամբ ահավոր բռնություններ էին կիրառում; հերոսացնել Ռամիլ Սաֆարովին, որը գիշերը նենգաբար կացնով սպանում է քնած հայ սպային, եւ այս` նույն ձեռագրով կատարածը. գիշերը մտնել, փորձել հնարավորինս շատ մարդ սպանել: Վերջիվերջո ձեւավորվում է մի կերպար` գիշերը գաղտնագողի, արյունոտ կացինը ձեռքին մի մարդասպանի: Սա՞ է ցանկանում Ադրբեջանի ղեկավարությունը, որ այսպիսի՞ն լինի Ադրբեջանի կերպարը: Այսպիսի ձեռագրով, այսպիսի ոճով իրենք դաստիարակում են մարդասպաններ, այլ ոչ թե ռազմիկներ: Եվ իրենց ամենօրյա, ռազմաշունչ հայտարարությունները միայն վկայում են իրենց թուլության մասին. հարձակվողը կհարձակվի, այլ ոչ թե գաղտնագողի գործողություններ կկատարի: Ես կարծում եմ`արդեն գործը հասել է այն եզրին, որ բոլորի համար ակնհայտ է, որ կամ Բաքվի ղեկավարությունը պետք է վերջիվերջո ուշքի գա եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ, կամ իր այդ գործելակերպը միայն եւ միայն նորանոր խնդիրներ է առաջացնելու հենց Ադրբեջանի համար:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն