ԼՂՀ նախագահ. «Կոսովոյից հետո աշխարհաքաղաքական նոր իրավիճակ»
Հուլիսի 23-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը կարևոր իրադարձություն է, որն իր հետ կբերի աշխարհաքաղաքական նոր իրավիճակ։
Նախագահ Բ.Սահակյանն ասել է, թե. «Այսօր ՀՀ նախագահն իրականացնում է մի քաղաքականություն, որը խիստ տարբերվում է հակառակ կողմի իրականացրած ապակառուցողական քաղաքականությունից: Հայաստանի կառուցողական ջանքերն ուղղված են ԼՂ խնդրի լուծմանը, ինչը միջազգային հանրության մոտ արժանացել է մեծ գնահատականի, իսկ Ադրբեջանը փորձում է իր դրսևորումներով ձախողել բանակցային գործընթացը։»:
Նա նկատել է, թե ԼՂՀ-ն էլ իր հերթին փորձում է բանակցային գործընթացում նպաստել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին։ Կարևորելով համանախագահների կատարած աշխատանքը, Բակո Սահակյանն ասել է.«Այն հարաբերական խաղաղությունը, որն այսօր առկա է տարածաշրջանում, ձևավորվել է նաև ՄԽ աշխատանքների շնորհիվ»: Իսկ որ բանակցություններն այսօր մեծ արդյունավետությամբ չեն ընթանում, պատճառը, ըստ Արցախի Հանրապետության նախագահի` բանակցություններին ԼՂՀ-ի չմասնակցությունն է: Նա համոզմունք է հայտնել, որ. «Միջազգային հանրության կողմից ղարաբաղյան կողմի անտեսումը չի կարող հավերժ շարունակվել»:
Արցախի նախագահը ընդգծել է, որ Ստեփանակերտը կներկայացնի իր դիրքորոշումը «փոխզիջումային լուծման» վերաբերյալ այն պահից հետո, երբ կդառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ:
Բակո Սահակյանը, խոսելով Հաագայի դատարանի որոշման` Կոսովոյի անկախության ճանաչման մասին, նկատել է, որ այն Մինսկի խմբի աշխատանքների վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, իսկ եթե ունենա, ապա իրենք միայն կողջունեն։
ԼՂՀ նախագահի խոսքով, այդ որոշումը բանակցային գործընթացում հայկական կողմից նոր հնարավորություն է ընձեռում և ավելի իրատեսական դարձնում Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղանի շուրջ:
Անդրադառնալով այսօր ամենից շատ շրջանառվող այն հարցին, թե ժամանակը, չէ՞, արդյոք, որ Հայաստանը, վերջապես, ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, նախագահ Սահակյանն ասել է.«Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն ինքնանպատակ չպետք է լինի։ Սա մի գործընթաց է, որն իր հիմնավորումները պետք է ունենա։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում միջազգային հանրության առջև, ուստի չի կարելի մեղադրել Հայաստանին, որ չի ճանաչում ԼՂՀ անկախությունը,- ասել է ԼՂՀ նախագահը, միաժամանակ հավաստիացնելով, որ այդ օրն անպայման գալու է:
Եզրափակելով իր խոսքը Արցախի Հանրապետության նախագահը ասել է. Արցախի Հանրապետությունը շարունակելու է միջազգային ճանաչման գործընթացը:
ArmAr.am
Թեգեր` անկախություն, Արցախի Հանրապետություն, Բակո Սահակյան, Կոսովո












