Խաչիկ Գալստյան.«Ինչո՞ւ չպետք է ճանաչվի նաև Արցախի Հանրապետության անկախությունը»
ԲՀԿ կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը խոսելեվ Հաագայի դատարանի որոշման` Կոսովոյի անկախության ճանաչման մասին, ասել է, թե այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրականացման տեսանկյունից Կոսովոն հանդիսանում է կարևոր նախադեպերից մեկը: «Այն շատ լավ հիմք է և հող է նախապատրաստում ապագայում ևս Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար»:
«Աշխարհում այսուհետ չի լինի մի երկիր, մի պետություն, որն այսուհետ կարողանա որևէ փաստարկ բերել հայկական կողմերին, թե ինչո՞ւ չպետք է ճանաչվի նաև Արցախի Հանրապետության անկախությունը», -արդարացիորեն նկատել է պրն. Գալստյանը:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ այսօր Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, Խ.Գալստյանն ասել է. «Մինչ այժմ հայկական կողմին նման քայլ անելուց հետ է պահել բանակցային գործընթացը, քանի որ իսկապես հայկական կողմերի տեսանկյունով բանակցություններում կար դեռ պոտենցիալ և այսօր էլ կա, որ հենց բանակցությունների միջոցով հասնենք նպատակին։ Բայց, եթե հանկարծ բանակցությունները մտնեն փակուղի և բանակցային ճանապարհով հիմնահարցի կարգավորման ելքերը սպառվեն, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնա այդ քայլին՝ կամ միակողմանիորեն ճանաչի ԼՂՀ անկախությունը, կամ էլ կոնֆեդերատիվ հարաբերություններ հաստատի ԼՂՀ-ի հետ։












