Արցախն այսօր ունի համայն հայության աջակցության կարիքը
Արցախի Հանրապետության խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը կարծիք հայտնելով Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշման առնչությամբ ասել է.«Որոշման դրական կողմն այն է, որ միջազգային ծիրի մեջ մի որոշում եւս ընդունվեց` ի օգուտ անկախության»:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին նա մեկ անգամ եւս հրապարակեց Դաշնակցության այն կարծիքը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն իր մասնակցությունը պետք է ունենան ոչ միայն Ղարաբաղն ու Հայաստանը, այլեւ` ողջ հայությունը, քանի որ դա համահայկական հարց է:
«Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, իսկ Հայաստանը պետք բանակցություններին մասնակցի հստակ ընդունված իր իրավունքների շրջանակում` որպես Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավոր»,-շեշտել է Ա. Սարգսյանը:
ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանը նույնպես այն կարծիքին է, որ պետք է սկսել ԼՂՀ ճանաչման գործընթացը, բայց չի ակնկալում, որ միջազգային դատարանի վերոնշյալ որոշման հրապարակմանը կհաջորդի որոշ երկրների կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, քանի որ գտնում է, որ դրա համար լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ:
«Ղարաբաղը չի կարող հանգիստ նստել ու ակնկալել, որ իր անկախությունը կճանաչեն: Նման բան չի լինում»,-այս միտքն արտահայտեց ՀՅԴ անդամը, ավելացնելով, որ այսօր արդեն պետք է սկսել ԼՂՀ արտաքին քաղաքականության հայեցակարգի ձեւավորումը, որի հիմնական ծանրաբեռնվածությունը լինելու է հենց ԱԺ քաղաքական ուժերի վրա:
ArmAr.am












