Գլխավոր » Society, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Արցախի հյուսիսը ապահովում է երկրի սահմանների անվտանգությունը

Հուլիս 26, 2010թ. 17:08

LXH MartakertՀուլիսի 24-ից 25-ը Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում էր հանրապետության Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններում:

Մարտակերտի շրջանում Բակո Սահակյանն այցելել է Մադաղիսի, Սարսանգի, Թրղե-1 եւ կառուցվող Թրղե-2 հիդրոէլեկտրակայաններ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Հաթերք գյուղի մոտ տեղակայված դաշտային շտաբ-ճամբարում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հարցերի շուրջ: Զեկույցներով հանդես են եկել ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը եւ «ԱրցախՀԷԿ» ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Բեգլարյանը:

Նախագահը կարեւորել է էներգետիկայի բնագավառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը, եւ ընդգծել այդ ոլորտում կադրերի պատրաստման հիմնախնդրի նշանակությունը` որպես դրա առաջընթացի  ապահովման գրավական:

Նույն օրը Նախագահն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածը:

Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է հյուսիսային հատվածի նշանակությունը երկրի սահմանների անվտանգության ապահովման գործում, եւ ընդգծել, որ իշխանությունները այսուհետ եւս ամեն ինչ կանեն պաշտպանության բանակի մարտունակությունը բարձր պահելու համար: Երկրի ղեկավարը արժեքավոր նվերներ է հանձնել մի շարք սպաների եւ զինվորների:

Հուլիսի 25-ին Նախագահ Սահակյանն այցելել է Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:

Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել Քարվաճառ շրջկենտրոնում բնակարանաշինության նոր ծրագիր, որը դրական լիցք կհաղորդի քաղաքի զարգացմանը: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք կլինեն իր անմիջական վերահսկողության ներքո:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մեծ եւ Փոքր Ալ լճերի ավազանը եւ ծանոթացել այնտեղ նախատեսվող մի շարք ծրագրերի նախագծերին:

Այնուհետեւ Ծար գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո այցելել այնտեղ գտնվող հանրապետական տոհմային կայան: Նախագահը նշել է, որ Շահումյանի շրջանի զարգացումը հանրապետության համար ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է գյուղատնտեսության, հատկապես՝ անասնապահության զարգացումը, որի համար շրջանում առկա է հսկայական ներուժ:

Այցելությունների ժամանակ Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել Society, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն