Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Բաքվի մրցաշարն Արոնյանը մերժել է, ինչը շատ բնական է»

Հուլիս 27, 2010թ. 16:15

shaxmatistՎեսելին Տոպալովը բաց նամակ է հղել ՖԻԴԵ-ին, կապված աշխարհի չեմպիոնի մրցամարտի վայրի հարցում առկա տարաձայնությունների հետ: Նամակում մասնավորապես ասվում է.

«ՖԻԴԵ-ի հարգելի նախագահ, նախագահական խորհրդի թանկագին անդամներ.

Գրում եմ այս նամակը` հաջորդ տարի անցկացվելիք աշխարհի չեմպիոնի մրցամարտի կապակցությամբ: Հայտնի իրադարձություններից հետո ես իմացա, որ հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի համար քննարկվում է ռուսաստանյան Կազանը: Ես հավատում եմ, որ ռազմավարական սխալ է ամբողջ մրցաշարն անցկացնել մի երկրում: ՖԻԴԵ-ի հովանու ներքո արդեն մի քանի մրցաշար` Գրան Պրին, Աշխարհի գավաթը, այժմ էլ հավակնորդների մրցաշարն անցկացվում է Ռուսաստանում: Դա նշանակում է, որ ՖԻԴԵ-ն չի կարողանում հովանավորներ եւ մրցաշարերի կազմակերպիչներ գտնել այլ երկրներում, ինչը ցավալի է:

Նաեւ կուզենայի հայտարարել, որ Կազանը կամ Ռուսաստանի որեւէ այլ քաղաք ինձ համար անընդունելի է տարբեր պատճառներով: Բոլորը դեռ հիշում են տհաճ իրավիճակը, որի հետ ես իմ թիմի հետ բախվեցի 2006-ին Էլիստայում կայացած աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում: Հիշելով այդ ամենը` ես կուզենայի հայտարարել, որ չեմ պատրաստվում մասնակցել աշխարհի թագի որեւէ մրցաշարի, եթե այն անցկացվի Ռուսաստանում` այնտեղ միշտ ծագող խնդիրներից եւ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար:

Բաքվի մրցաշարն Արոնյանը մերժել է, ինչը շատ բնական է: Նախքան այդ ՖԻԴԵ-ն փոխեց իր կանոնները, որպեսզի Սոֆիայում չանցկացնի Տոպալով-Կրամնիկ ռեւանշ-մրցամարտը: Կարծում եմ` տրամաբանական կլինի խնդրել, որ եթե ապագայում ես մի քանի մրցամարտ անցկացնեմ, հատկապես, ռուսաստանցի գրոսմայստերների հետ, ապա դրանք պետք է տեղի ունենան Ռուսաստանից դուրս»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել էր, որ եթե այդ մրցամարտը կայանա Բաքվում, ինքը դրան չի մասնակցի:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն