ԵՄ-ի հզոր մեսիջը Իրանին
Եվրոպական Միությունն ավելի է ինտենսիվացրել Իրանի մեկուսացումը` ընդունելով մինչ օրս սահմանված ամենախիստ տնտեսական պատժամիջոցները Իրանի կառավարության նկատմամբ: Եվրոպական էներգետիկ եւ ապահովագրական ընկերությունները, որոնց վրա տարածվում են այդ նոր պատժամիջոցները, խոստացել են կատարել դրանք:
Եվրոպական 27 ԱԳ նախարարները հուլիսի 26-ին հայտարարել են, որ համաձայնել են «միջոցառումների համապարփակ փաթեթին` առեւտրի, ֆինանսական ծառայության, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաեւ անցագրային ռեժիմի ոլորտներում»: «Մենք բավականին հզոր մեսիջ ենք ուղարկել Իրանին, որ իր միջուկային ծրագիրը լուրջ եւ ահագնացող անհանգստության պատճառ է հանդիսանում մեզ համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը:
ԵՄ այս քայլին հետեւել է նաեւ Կանադան, որը նույնպես պատժամիջոցներ է սահմանել Իրանի էներգետիկ հատվածի նկատմամբ: Ինչպես հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Լովրենս Քենոնը, իր երկրի նոր քայլերը ուղղված կլինեն Իրանի նավթի եւ գազի հատվածում կանադական ցանկացած նոր ներդրման արգելմանը:
ԵՄ կողմից պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումից հետո ԱԷՄԳ-ում Իրանի բանագնաց Ալի Ասղար Սուլթանեյը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է «առանց պայմանների» վերադառնալ միջուկային վառելիքի փոխանակման շուրջ բանակցային սեղանին:
Ավելի ուշ, Իրանի ԱԳ նախարարությունն ասել է, որ իր երկիրը «խորապես ցավում է եւ դատապարտում» ԵՄ նոր պատժամիջոցների ընդունումը:
Պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումն այլ գնահատականի է արժանացել ԱՄՆ-ում: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ ողջունում է «իր եվրոպացի եւ կանադացի գործընկերների հստակ քայլերը» ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւի կատարման ուղղությամբ:
ArmAr.am












