Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Ի՞նչ օկուպացիայի մասին է խոսքը

Հուլիս 27, 2010թ. 17:30

Ara Papyan-1Բաքվի թաթարները եւ նրանց տերերը` Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խոսում են Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պետք:  Հիմքերից մեկը խնդրո առարկա տարածքի միջազգային իրավունքով ամրագրված տիտղոսի առկայությունն է: Այսինքն, որպեսզի Ադրբեջանի տարածքի որեւէ մաս համարվի որեւէ մեկի կողմից ռազմակալված, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենա եւ վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպես կոչված, ռազմակալված տարածքի վրա ճանաչված է եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը: Սա միջազգային իրավունքի հիմնարար դրույթ է, քանի որ միջազգային օրենքը հստակ է` ցանկացած տարածքի պատկանելությունը որեւէ պետության պայմանավորված է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրված տիտղոսով եւ տվյալ տարածքի վրա հաստատված գերիշխանությամբ (sovereignty):

Համառոտակի անդրադառնանք վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով 1555թ.-ից  Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա միջազգայնորեն ամրագրված է եղել Պարսկաստանի տիտղոսը: 19-րդ դարի սկզբին Հարավային Կովկասի արեւելյան հատվածն անցավ Ռուսաստանի կայսրությանը, ըստ այդմ,   1813թ.-ի Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրա (նկատի ունեմ եւԲ Լեռնային եւԲ Դաշտային Ղարաբաղը) անվերապահորեն հաստատված է եղել Ռուսաստանի կայսրության տիտղոսն ու գերիշխանությունը: Բոլշեւիկյան հեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրության կործանման հետեւանքով Հարավային Կովկասում թեեւ առաջացավ քաղաքական անհստակ վիճակ, միջազգային իրավունքի եւ տարածքի տիտղոսի տեսանկյունից մինչեւ 1920թ. հունվարը ամեն ինչ հստակ մնաց, քանի որ մինչեւ 1920թ. հունվարը միջազգային հանրությունը մերժել է ճանաչել հարավային Կովկասի երեք նորաստեղծ պետությունները, հետեւաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրության տիտղոսը: Միայն 1920թ. հունվարից Փարիզի խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրների անկախությունը: Ըստ էության մինչ այդ` 1918թ. մայիսից մինչեւ 1920թ. հունվարը, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունները, ժամանակակից լեզվով ասած, միայն ինքնահռչակ հանրապետություններ էին: Կարեւոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը հստակ նախապայման ուներ` Հրավային Կովկասի երկրների սահմանները հետագայում որոշվելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների հռչակումից  (1918թ. մայիս) մինչեւ նրանց ճանաչման սկիզբը (1920թ. հունվար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը ճանաչված չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա, այլեւ Ադրբեջանի Հանրապետությունը երբեւէ Լեռնային Ղարաբաղի վրա չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, Ղարաբաղը շատ ավելի արդյունավետ վերահսկվում էր տեղում ձեւավորված հայկական իշխանությունների եւ  ուժերի կողմից:

Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդեն մեկ ամիս հետո` 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է` Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները պիտի գծվեին ՙի նկատի ունենալով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները՚ (taking into, in principle, of ethnographical data).    Ի դեպ, Շուշիի 1920թ. մարտի ջարդերը մեծապես պայմանավորված էին այս որոշումով`  Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացվեց բոլշեւիկյան 11-րդ բանակի կողմից եւ նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի`  նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին եւ հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի  լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո: Բնական է, որ  խոսք լինել չի կարող միջազգայնորեն ամրագրված տիտղոսի մասին: Որեւէ կուսակցական որոշում չի կարող իրավական հետեւանք ստեղծել միջազգային իրավունքի մեջ եւ ամրագրել որեւէ տարածքի վրա որեւէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչեւ 1924թ. ունեին ռազմակալված երկրների կարգավիճակ: Հետագայում, (1924թ. փետրվարից), Սովետական Միության ճանաչման հետեւանքով ճանաչվեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.ից ողջ Հարավային Կովկասի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահորեն ճանաչվեց Սովետական Միության տիտղոսն ու գերիշխանությունը:

1991թ.-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց Սովետական Միությունից, Լեռնային Ղարաբաղն արդեն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վրա մեկ օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, 1991թ. հոկտեմբերի 18-ին Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն իրեն հայտարարելով Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) ուղղակի իրավահաջորդը, ըստ էության, նաեւ փաստաթղթային ձեւակերպմամբ չեղյալ հայտարարեց մինչեւիսկ այն վարչական կապը, որը գոյություն էր ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ:

Այսինքն, եթե ՍՍՀՄ տրոհումից հետո նախկին սովետական սոցիալիստական հանրապետությունների մեծ մասի տարածքում առաջացան մեկական անկախ երկիր, ապա Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանարապետություն կոչված ՍՍՀՄ-ի վարչական միավորի տարածքում առաջացան երկու պետություն` Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:  Ադրբեջանի Հանրապետությունը ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած ինքնորոշման սկզբունքը հարգելու պարտավորությունը, անողոք պատերազմ սանձազերծեց իր նորանկախ հարեւանի դեմ եւ խայտառակ պարտություն կրեց:

Ի դեպ, 1991թ.-ի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպական համայն¬քի ¥ներկայումս՝ Եվրոպական Միություն¤ երկրների արտաքին գործերի              նախարարները ՙԱրեւել¬յան Եվրոպայում եւ Խորհրդային Միության [տարածքում] նոր պե¬տությունների ճանաչման ուղենիշների՚ վերաբերյալ հռչակագրում ՙբոլոր սահմանների անձեռնմխելիության՚ նկատմամբ հարգանքը պայմանավորեց  ՙօրենքի իշխանու¬թյան, ժողովրդավարության եւ մարդկային իրավունքնե¬րի՚ հարգանքով, ինչպես նաեւ ՙէթնիկ, ազգային խմբերի եւ փոքրա¬մասնությունների իրավունքների երաշխավորմամբ՚: Մի բան, որոնցից եւ ոչ մեկը չի իրականացվել ադրբեջանական պետության կողմից:

Հետեւաբար, երբ մեր հարեւանները խոսում են ՙօկուպացիայի՚ մասին, թող բարի լինեն նշել` պատմության ո՞ր ժամանակահատվածում է Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի վրա իրականացրել լիակատար վերահսկում (effective control) և ո՞ր միջազգային փաստաթղթով է Լեռնային Ղարաբաղի վրա ճանաչված եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը: Եթե չի եղել այդպիսի վիճակ եւ չկա այդպիսի փաստաթուղթ, իսկ այդպիսիք ակնհայտորեն չկան, ապա ի՞նչ ՙօկուպացիայի՚ մասին է խոսքը:

Արա  ՊԱՊՅԱՆ

ArmAr.am


Դիտել WestArmenia, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն