Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Տեղի է ունեցել Արցախի կառավարության հերթական նիստը

Հուլիս 27, 2010թ. 18:19

LXH karavarutyunԱյսօր տեղի է ունեցել Արցախի կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես ArmAr.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարության մամլո ծառայությունից, գործադիրը, նախ, տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ հաստատել է ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը, ապա փոփոխություններ կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Փոփոխությունների համաձայն՝ տնտեսական զարգացման նախարարության առանձին լիզորություններ փոխանցվել են փրկարար ծառայությանը: Այսուհետ հիշյալ ծառայությունը կհամակարգի, մասնավորապես, պետական պահուստի ձևավորման և հանքարդյունահանման ու շինարարական նպատակներով պայթեցման աշխատանքները:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2010-2011 ուստարվա ասպիրանտուրայի և մագիստրոսական կրթության մասնագիտությունների ցանկում: Ի մասնավորի, տեղեր են հատկացվել նաև ջրային համակարգերի շինարարության և շահագործման մասնագիտության գծով: Հարցի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը նշել է, որ ջրային բնագավառում առկա է կադրերի սղություն, ընդհանրապես այդ հիմնախնդիրը ծառացած է ենթակառուցվածքների բոլոր ճյուղերում: Կառավարությունը հնարավոր քայլեր է ձեռնարկում՝ տեղում պատրաստելու որակյալ կադրեր, նախատեսելով այդ գործի մեջ ներգրավել Երևանից հրավիրված մասնագետների:
Նիստում գործադիրը մի շարք որոշումներ է ընդունել քաղաքաշինության բնագավառի վերաբերյալ: Հաստատվել են քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, ինժեներական հետազննման, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության, շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը: Միաժամանակ, կառավարությունը հաստատել է քաղաքաշինության նախարարության նոր կանոնադրությունը և հաստատել մասնագիտական որակավորման ստուգման կարգը: Նոր կանոնադրության անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությունը միացվել է քաղաքաշինության նախարարությանը՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
Գործադիրը մասնակի փոփոխություններ է կատարել կառավարության 2005թ. հունիսի 28-ի ՝ ՙՎիճակախաղերի կազմակերպիչների կողմից ԼՂՀ կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին՚ որոշման մեջ: Ֆինանսական խնդիր կարգավորող մի այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել գնումների կարգը, ըստ այնմ՝ գնային առաջարկով նախատեսված շահույթի չափը չի կարող ավելի լինել ինքնարժեքի 20 տոկոսից:
Գործադիրի ընդունած որոշմամբ՝ ԼՂՀ-ում ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեք է սահմանվել 10 հազար 500 դրամը՝ 8000-ի փոխարեն: Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ. նոյեմբերի 1-ից: Այն իրագործելու համար կառավարությունը սոցիալական ապահովության ոլորտին լրացուցիչ կհատկացնի 138 մլն դրամ:
Նիստում հավանության է արժանացել սոցիալական նշանակության մի որոշում ևս, որով առանձին կատեգորիաների անձինք պետությունից ֆինանսական հատուցում կստանան բնակարաններում նաև անլար հեռախոսային կապի համակարգերի տեղադրման դեպքում: Սույն որոշման գործողությունը կտարածվի 2010թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կառավարության նոր որոշմամբ 2010թ. օգոստոսի 1-ից ԼՂՀ-ում արգելվում է հանրապետություն ներմուծված ՙ2007՚ թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը: Կիրառության մեջ են դրվում ԼՂՀ-ում արտադրվող ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար ՙ2010՚ թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը: Վարչապետը հարկային պետական ծառայությանը հանձնարարեց բացատրական աշխատանք տանել արտադրողների և վաճառողների շրջանում՝ թյուրիմացություններից խուսափելու նպատակով:
Նիստում ոստիկանության կողմից ներկայացվել է օրինագիծ ՙՁերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին: Մասնավորապես առաջադրվում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք նախատեսվածից բացի վերապահել նաև այլ անձանց: Օրինագիծը կներկայացվի ԼՂՀ խորհրդարանի քննարկմանը: Գործադիրը հավանություն է տվել նաև ոստիկանության առաջարկած այն փոփոխություններին ու լրացումներին, որ առնչվում են այդ գերատեսչության կանոնադրությանը: Ի մասնավորի սահմանվում է, որ ԼՂՀ ոստիկանության համակարգում կարող են ստեղծվել ոստիկանության զորքեր և պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
Գործադիրը հաստատել է փրկարարական ծառայության համազգեստի ձևը, դրա տրման կարգը, սահմանել օգտագործման ժամկետները: Այսուհետ նոր համազգեստով կգործեն փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Սահմանվել են նրանց իրային ունեցվածքով ապահովելու նորմերը:
Օրակարգային վերջին հարցերը ԼՂՀ նորաստեղծ քաղաքացիական ավիացիայի վարչության առնչությամբ էին: Գործադիրի որոշմամբ ստեղծվել է ՙԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Մի այլ որոշմամբ՝ ստեղծվել է ՙՍտեփանակերտի օդանավակայան՚ ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
Նիստի վերջում հրապարակվել է վարչապետի արձանագրային հանձնարարականը՝ ուղղված պետական կառավարման մարմինների ղեկավարներին: Հանձնարարականով նրանց պարտավորեցվում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը կազմակերպել այդ խնդրի կանոնակարգմանը միտված ԼՂՀ օրենքին համապատասխան: Պահանջվում է պատասխաններն ուղարկել ժամանակին, հարցի քննարկման ժամկետը երկարաձգելու դեպքում տեղեկացնել նամակը վերահասցեագրողին և դիմումատուին: Միաժամանակ, պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ԼՂՀ կառավարության գործունեության 2010թ. միջոցառումների ծրագրի դրույթների կատարումը սահմանված ժամկետներում և եռամսյակային հաշվետվությունների տրամադրումը ԼՂՀ կառավարության աշխատակազմ: ՙՊետք է հաշվի առնել աշխատակազմերի կատարած փաստացի աշխատանքը և նոր համարժեք գնահատական տալ՚,- շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն