Գերմանիան կաջակցի Հայաստանին
Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հետագա խորացման գործընթացում համագործակցություն շարունակելու վերաբերյալ, որն ընդգրկում է ս.թ. հուլիսի 1-ից մինչև 2011 թթ. ավարտը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Մակբեթը: Հուշագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացմանն ու ծրագրային բյուջետավորման առաջավոր փորձի արմատավորմանը ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում:
Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է:
Հուշագրով նախատեսված աջակցության շրջանակներում ակնկալվում է, որ 2011 թ. և 2012 թ. պետական բյուջեների կազմման փուլում բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան ավելի խորացնելու ծրագրային բյուջետավորման ներդրման աշխատանքները և իրենց բյուջետային հայտերը ավանդական ձևաչափին զուգահեռ կներկայացնեն նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ավելի կատարելագործված ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ArmAr.am












