Գալուստ Սահակյան.«ԼՂՀ խնդիրը կլուծվի այնպես, ինչպես որոշեն հայերը»
«Նախ, ամերիկյան կողմի հայտարարությամբ արդեն զգալի էր, որ աշխարհում նման խնդիրները լուծելու համար երկակի չափորոշիչներ կան: Կոսովոյին կարելի էր, մյուսներին չի կարելի: Սա է պատճառը, որ ասում եմ պետք չէ ոգեւորվել, մանավանդ Ղարաբաղի խնդրում հիմքերն ավելի ամուր են, քան ցանկացած նման տիպի խնդիրներում, ընդ որում, նաեւ Կոսովոյին է վերաբերվում»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Կոսովոյի մասին Հաագայի դատարանի որոշմանը:
Ըստ Գալուստ Սահակյանի, պետք չէ Հաագայի դատարանի վճռից հուզվել կամ ակնկալիքներ ունենալ: Բայց դատարանի որոշումը, ըստ նրա, հնարավորություն է տալիս “նոր ռելսերի վրա դնել” հայկական դիվանագիտությունը:
Նա կարծում է, որ Կոսովոյի մասին դատարանի որոշումը կարող է հնարավորություն տալ, որ Հայաստանն ու Ղարաբաղն ակտիվացնեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին ուղղված քայլերը: «Մինչեւ այսօր մենք ԵԱՀԿ շրջանակներում պնդել ենք եւ կողմնակից ենք եղել խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար, այսօր էլ պետք է պնդենք: Բայց նաեւ շատ ուրախությամբ ընդունել ենք տարբեր երկրների մեկնությունները հենց նույն կարգախոսով, որ դա երկու պետությունների` Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրն է, իրենք ինչպիսի պայմանավորվածություն ձեռք բերեն, կպաշտպանեն մյուսները, եւ նաեւ հավելել են, որ դրա լուծումները պետք է խաղաղ ճանապարհով լինեն: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր դիվանագիտական կորպուսը մտածի` բանակցություններում կարևորել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթացը, Ղարաբաղը պետք է ճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ընդ որում, նա ասում է, թե չպիտի առանձնացնել Հայաստանի եւ Ղարաբաղի դիվանագիտությունը: «Գուցե ֆորմալ առումով երբեմն դրանք առանձնացվում են, բայց իրականում դրանք միասին են, քանի որ խոսքը ազգային խնդրի մասին է»: Ի դեպ, Գալուստ Սահակյանն ասում է, որ սխալ է նաեւ այն մոտեցումը, թե ինչպես Ղարաբաղը որոշի, այդպես էլ խնդիրը կլուծվի: «Ինչպես հայերը որոշեն, այդպես էլ կլուծվի խնդիրը»,-ճշտում է Սահակյանը:
ArmAr.am












