Հաագայի դատարանի եզրակացության մասին
Կարծիք. Կոսովոյի անկախության հարցով Հաագայի արդարադատության ատյանի արձակած եզրակացության մասին
1. Կոսովոյի և Արցախի հակամարտությունների հիմնական տարբերությունը:
-Կոսովոյի ալբանացիները անկախություն հռչակեցին սերբական հայրենիքի մի հատվածում:
-ԼՂՀ-ի հայությունը բռնազավթումից ազատագրվեց և անկախություն նվաճեց բնօրրանում` Հայաստան աշխարհի մի հատվածում` Արցախում:
Սա է այն հիմնական տարբերությունը, որի մասին պետք չէ մոռանալ ոչ մի դեպքում, եթե նույնիսկ թվում է, թե Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի արդարադատության ատյանի արձակած եզրակացությունը նպաստավոր կարող է լինել Ղարաբաղյան խնդրի արդարացի հանգուցալուծման գործում:
2. Սկզբունքներ, որոնք խախտվել են Կոսովոյի անկախացման գործընթացում:
Եղավ ճիշտ այնպես, ինչպես Պարույր Սևակն էր զգուշացնում. «Երբ անտեղի հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում»:
Խախտվել է նվազագույնը չորս արարողակարգ և սկզբունք.
-Կոսովոյի ալբանացիները Սերբական հայրենիքում անկախություն հռչակելու իրավունք չունեին:
-Կոսովոյի անկախությունը ճանաչած շուրջ 60 երկրները այդ անկախությունը ճանաչելու իրավունք չունեին:
-Անտեղի և անիմաստ է, որ Հաագայի արդարադատության ատյանը քննության է առել Կոսովոյի անկախության հռչակագրի միջազգային իրավունքին չհակասելու հարցը և դրա վերաբերյալ տվել ընդամենը խորհրդատվական եզրակացություն, այլ ոչ թե կայացրել հատուկ որոշում: Փաստաթուղթը կարող էր չհակասել միջազգային իրավունքին: Բայց խնդիրն այդ չէ: Իրականում որևէ միջազգային դատարան պետք է պատասխաներ գլխավոր հարցին, այն է` Կոսովոն իրավունք ունե՞ր հայտարարելու իր անկախությունը Սերբիայից, թե՞ ոչ… (Տես, Комментарий официального представителя МИД России А.А.Нестеренко в связи с заключением Международного суда по Косово, 1035-22-07-2010)
-Կոսովոյի հակամարտության լուծումը, ինչպես ցանկացած միջազգային հակամարտության լուծում, այդ թվում և Ղարաբաղյան հակամարտության, պետք է ընթանար «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թ. Կոնվենցիայի նախանշած երեք փուլերի սկզբունքների համաձայն և ոչ թե քաղաքական պարտադրանքների և որոշումների ճանապարհով:
Մեջբերենք Կոնվենցիայի միջազգային դատարանին վերաբերող հատվածը.
РАЗДЕЛ IV.
О международном третейском суде.
Глава II. О постоянной палате третейского суда.
Статья 41. Договаривающиеся Державы, желая облегчить возможность обращаться без замедления к третейскому суду в случае международных споров, которые не могли быть улажены дипломатическим путем, обязываются сохранить в том виде, как она была учреждена Первой конференцией Мира, Постоянную Палату Третейского Суда, доступную во всякое время и действующую, при отсутствии иного о сем условия, сообразно порядку производства, изложенному в настоящей конвенции.
Այլապես ստացվում է, որ միջազգային քաղաքական դաշտում երկակի ստանդարտներ կիրառելու արատավոր և հանցագործ գործելակերպը այժմ էլ փորձ է արվում ներմուծել միջազգային իրավական հարթություն, որտեղ նույնպես կարող են գործել գերտերությունների թելադրանքով ընդունված, իբրև թե իրավական, իրականում քաղաքական պարտադրանք – որոշումներ:
Այնպես կարող է պատահել, որ օրինակ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության դեպքում մեկ որոշում կայացվի, ԼՂՀ-ի դեպքում մեկ այլ, Մերձդնեստրի Հանրապետության դեպքում մեկ, Հարավային Օսիայի (Աբխազիայի) Հանրապետության դեպքում մեկ այլ… և այդպես շարունակ մինչև գլոբալացման ծրագրերը կհասնեն ծրագրային ինչ որ որոշակի մի հանգրվանի:
3. Որոշո՞ւմ, թե՞ եզրակացություն: Նախադե՞պ, թե՞ ոչ:
Եթե ճիշտ է, որ Կոսովոյի անկախացման հարցում գլխավոր խոսքը ԱՄՆ-ին էր, ապա պետք է ընդունել, որ Հաագայի դատարանի արձակած եզրակացության առանցքային մեկնաբանության իրավունքը նույնպես պատկանում է ԱՄՆ-ին:
ԱՄՆ պետդեպարտամենտից Ֆիլիպ Կրոուլը հանդես է եկել հայտարարությամբ։
ՙԱՄՆ-ին հայտնի են Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելու պատմական և զգացմունքային մանրամասները, բայց մենք հույս ունենք, որ Բելգրադը հեռատեսություն կցուցաբերի և կհասկանա, որ իր շահերից է բխում շարունակել սերտաճումը Եվրոպային։ Մենք հասկանում ենք, որ դա շատ դժվար է, բայց մտածում ենք, որ Սերբիայի շահերից է բխում Կոսովոյի հետ կառուցողական համագործակցություն սկսելը,-նշված է հայտարարության մեջ։ Վաշինգտոնը համոզված է, որ միջազգային դատարանի որոշումը չի կարող տարածվել մյուս նմանատիպ դեպքերի վրա։ -Յուրաքանչյուրը, ով կկարդա դատավճիռը, կհամոզվի, որ սա յուրահատուկ որոշում էր՝ հիմնված միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրա,-ընդգծել է Ֆիլիպ Կրոուլին՚։ (7or.am, 23.07.2010)
Այսինքն` ՙյուրահատուկ որոշում էր՝ հիմնված միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրա՚: Հետևաբար պետք է հաստատել, որ ի սկզբանէ, Կոսովոյի անկախացման գործընթացը ԱՄՆ-ի և Եվրոմիության կողմից ուղղորդվող գործընթաց էր, ինչի մասին 2006-ին նշել էր Պենտագոնի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի ՙՄիջին Արևելքի նոր սահմանները` ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների՚ հոդվածում հատուկ նշելով Արևմուտքի համար ռազմավարական նշանակության երեք կետերի մասին` ՙԿոնգո, Կոսովո, Կովկաս՚: (Կոնգոյի և Կովկասի մասին մանրամասն Տես, ՙՈւխտ Արարատի՚ թիվ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 2)
Արա Պապյանը նշում է. ՙԱյն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը` Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին հայտարարեց, որ ՙԿոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը՚, միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Հետո, օրինաչափ է, քանի որ միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրավունքի մեջ չկա մի չափորոշիչ, որով անկախանալու իրավունքը վերապված է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նույն իրավունքը մերժվում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին՚: (ArmAr.am, 23 հուլիսի 2010թ.)
Բայց մյուս կողմից չի ստացվում այնպես, որ մի որոշ ժամանակ անց, ասենք մի հիսուն տարի անց, անկախություն կարող են հռչակել եվրոպայի ցանկացած մասում` նախկին միգրանտների ցանկացած խմբեր` համայքներ, ինչպես օրինակ` Գերմանիայում թուրքական, Շվեդիայում` քրդական, Ֆրանսիայում` արաբական, և այլն… եթե Հաագայի դատարանի որոշումը նախադեպ համարվի նմանատիպ իրավիճակների համար:
Հետաքրքիր դիտարկում է անում Դավիթ Շահնազարյանը. ՙԿոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության նախադեպային լինելու մասին խոսելն առայժմ վաղ է: ՙԱրմԻնֆոյին՚ այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: ՙԵս այդպես եմ կարծում, քանի որ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանն իրավունք ունի կայացնել որոշումներ կամ եզրակացություններ, իսկ Կոսովոյի դեպքում այն ընդունել է հենց եզրակացություն: Երկրորդ, որոշումը կայացվել է և լիովին տեղավորվում է առկա քաղաքական իրողությունների շրջանակներում: Իսկ դրանք այնպիսին են, որ ՄԱԿ անդամ 192 երկրներից 69 ճանաչել է Կոսովոյի անկախությունը, այնպես որ, դա սոսկ քաղաքական իրողությունների հաստատում է: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այն իրո՞ք կդառնա նախադեպ մյուս չճանաչված հանրապետությունները ճանաչելու համար: Սպասենք Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշմանը՚: – նշել է նա: Շահնազարյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բավականին թերահավատորեն է վերաբերվում այն բանին, որ այդ որոշումը դառնա նախադեպ: Սեպտեմբերին Հաագայում քննարկվելու է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը: (Aravot.am, 27.07.2010)
Դա հաստատում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը. ՙԴատարանի ընդունած որոշումը սերտորեն կապված էր Կոսովոյի առանձնահատուկ հանգամանքների հետ. այն Կոսովոյի մասին էր, և ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, և նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար՚: (Lragir.am, 27.07.2010)
Այստեղ են ասում` ՙխոսքերն ավելորդ են՚: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան այս պահին գործածում ՙորոշում՚ եզրը, հետագայում դա կփոխարինի ՙեզրակացություն՚ եզրույթով և հակառակը, ըստ անհրաժեշտության, որ դա համարվի նախադեպ, կամ ոչ… և այդպես շարունակ:
Նոր մեծ խաղի սկիզբն է ազդարարված: Գնալով ավելի ու ավելի կընդգծվի, որ գործ ունենք հեռու գնացող քաղաքական ՙբլեֆի՚ դասական օրինակի հետ:
4. Կոսովոյի անկախության հռչակման գործընթացի իրական պատճառները և դրա հնարավոր հետևանքները:
Այնուհանդերձ, ո՞րն է ճշմարտությունը Կոսովոյի անկախության հռչակման և Հաագայի դատարանի արձակած եզրակացության հարցում:
Հարկ է նշել, որ
-Հարավսլավիայի փլուզումը ընդհանրապես և Կոսովոյի անկախացումը Սերբիայից մասնավորապես Սերբական քաղաքակրթությանը և Սերբական հայրենիքին հասցված զորեղ հարվածներ են` գլոբալացման – ինտեգրման ամենաակնառու պարտադրանքներով:
-Վերջին հարյուրամյակներում նմանատիպ հարվածներ են հասցվել Բալկաններ – Կովկաս (Հայկական բարձրավանդակ) – Աֆղանստան գծով` Սերբական, Հայկական և Աֆղանական քաղաքակրթություններին: Ուստի, պատահական չի կարող դիտվել 20-րդ դարասկզբին Երիտ- ալբանացիների ի հայտ գալը Բալկաններում, Երիտ-թուրքերինը` Օսմանյան կայսրությունում և Երիտ-աֆղաններինը` Աֆղանստանում: (Տես, ՀՍՀ, հ 1, 1974, էջ 145, տես նաև, ՀՍՀ, հ 2, 1976, էջ 172): Այդ նույն ձեռագրով գործելու են կոչված եվրո-կուսակցությունները` տեղական կուսակցությունների հետ ՙինտեգրվելու՚ ճանապարհով:
-Արևմուտքի ի ցույց դրած քաղաքական այսօրինակ հենքն ու վարքագիծը ձևավորվում է գլոբալացման – ինտեգրման ծրագրերի տրամաբանությունից, որը չի հանդուրժում ազգային – քաղաքակրթական ինքնատիպ միավորների, տարածքների, հավաքականությունների, ազգերի ու պետությունների ազատ, անկախ, ինքնիշխան գոյությունը:
-Իսկ որպեսզի ազգերն ու ժողովուրդները հույս չկապեն իրենց խնդիրների իրավական կարգավորվածության նկատմամբ, արձակվում է Հաագայի դատարանի եզրակացությունը Կոսովոյի անկախության մասին, որը գլխիվայր է շուռ տալիս մարդկանց պատկերացումները արդարադատության, օրենքի և իրավունքի մասին:
5. Ի՞նչ կարող է տալ Հաագայի դատարանի արձակած եզրակացությունը ԼՂՀ-ին:
-Կարող է որոշ դրական հույսեր ներշնչել ԼՂՀ հակամարտության նմանատիպ ձևով կարգավորման նկատմամբ:
-Կարող է հակամարտության կարգավորման ԼՂՀ – ՀՀ բոլոր ջանքներն ու աշխատանքները շարունակել ուղղորդել կեղծ հուն:
-Կարող է պատճառ դառնալ Մինսկի խմբի շրջանակներում (և այլ նմանատիպ ձևաչափերում) անպտուղ և անհեռանկար բանակցությունների ձգձգման:
-Կարող է երկարաձգել հակամարտության իրավական կարգավորումը, որը հնարավոր է ՙՄիջազգային բախումների խաղաղ լուծման մասին՚ Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն միայն: (Տես, ՙՈւխտ Արարատի՚ թիվ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 12-13)
6. ԼՂՀ-ի և ՀՀ-ի անելիքները:
Ուստի, ԼՂՀ-ի և ՀՀ-ի ճանապարհը հավասարազոր և զուգահեռ գնացող հետևյալ երկու ուղիներով ընթանալն է.
-իրավունքի, և
-աշխարհազորային պաշտպանության կազմակերպման (Շվեյցարիայի պաշտպանության օրինակով),
որովհետև ԼՂՀ հակամարտության արդարացի հանգուցալուծման ձգձգումը ԼՂՀ-ի և ՀՀ-ի նկատմամբ (ադրբեջանական, թե մեկ այլ) նոր ագրեսիայի սանձազերծման մշտական սպառնալիքն է պարունակում` տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման շարունակական ակնկալիքով:
«Ուխտ Արարատի»
28.07.2010












