Տիգրան Սարգսյան.«Սերմացուի խնդիրը լուծվելու է պետության և մասնավորի հետ համագործակցությամբ»
ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ծրագրի իրականացման նպատակով ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» փորձարարական ՍՊԸ-ից ձեռք բերել և ՀՀ ներկրել աշնանացան ցորենի` երկրում չգրանցված մի շարք սորտերի և գրանցված «Կրասնոդար 99» սորտի 950 տոննա էլիտարային վերարտադրության սերմացու։
Ինչպես տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից, գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ միջոցով կազմակերպել սերմացուի ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» ՍՊԸ և Հայաստանում էլիտարային սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ։
Այսօր կառավարությանն նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սերմացուի խնդիրը լուծվելու է պետության և գյուղատնտեսության մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ։ Նրա խոսքով, պետությունն առաջին անգամ է գումար հատկացնում բարձր վերարտադրության սերմեր ձեռք բերելու համար։ Նաև ասել է, որ հիմնախնդրին քաջածանոթ են մարզպետները, ում երաշխավորությամբ հայ ֆերմերները, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կստանան, իսկ հետո իրենք կարտադրեն ցորենի անհրաժեշտ սերմացուն։
Ակնկալվում է, որ մի քանի տարում հացահատիկի արտադրությունը տարեկան կհասցվի 350-360 հազար տոննայի։












