Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Պետբյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366.3 մլրդ դրամ

Հուլիս 30, 2010թ. 12:44

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը 383.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 110.3 և 92.6%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 50.4%-ով, ծախսերի գծով` 44.8%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.9%-ով կամ 65.9 մլրդ դրամով: Ընդ որում, 21.3%-ով (59.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 41.9%-ով կամ 7 մլրդ դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 38.3%-ով կամ 1 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 93%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.5%-ը` այլ եկամուտների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 9.1 մլրդ դրամ:

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 383.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 92.6%-ը: Մասնավորապես` 348.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34.5 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 6.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 10.3%-ով կամ 35.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի, դրամաշնորհների և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 16.9 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 81.9 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 47 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 26 մլրդ դրամ կամ ծրագրի 28.7%-ը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են – 9.1 մլրդ դրամ կամ ծրագրի 103.6%-ը:

Առաջին կիսամյակում նախատեսված 76 մլրդ դրամի փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է ընդամենը 13.3 մլրդ դրամը:

Այս հաղորդագրությունը տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն