Գուրգեն Խաչատրյան. «Չլինի այնպես, որ ցանկանանք անել լավը, բայց ստացվի` ինչպես միշտ…»
Մեր երկրում, կարելի է ասել, արդեն օրինաչափ է դարձել բուհական ընդունելության քննությունների շուրջ ստեղծված խառնաշփոթը, որն ամեն տարի ավելի է թեժանում։ Հիմնական պատճառներից մեկն, իհարկե, այն է, որ առայժմ թերի է թեստային համակարգով գիտելիքների ստուգման ներկայիս կարգը, որտեղ մեծ դեր է խաղում պատահականության սկզբունքը։
Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ՝ ունենք։ 2010թ. բուհական ընդունելության քննություններն արդեն ավարտված են և դիմորդներն ու նրանց ծնողներն անհամբերությամբ սպասում են ցուցակների հրապարակմանը…
ArmAr.am-ի զրուցակիցն է ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, բոլորն անհամբերությամբ սպասում են բուհ ընդունվածների ցուցակների հրապարակմանը։ Հնարավո՞ր է, որ նշված ժամկետից, այսինքն՝ օգոստոսի 5-ից շուտ դրանք փակցվեն։
-Ընդունելության կարգի համաձայն մինչև օգոստոսի 5-ը մենք պարտավոր ենք փակցնել ցուցակները։ Չենք շտապում տվյալներն ավելի շուտ հրապարակել այն առումով, որպեսզի հանկարծ սխալներ թույլ չտանք։ Հնարավորության դեպքում՝ կաշխատենք մեկ-երկու օր ավելի շուտ հրապարակել տվյալները։
– Ինչպիսի՞ն կլինի այն դիմորդների ճակատագիրը, ովքեր մրցույթից դուրս են մնացել։
-ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Աշոտյանի հետ միասին աշխատում ենք այնպես անել, որպեսզի ավելացված տեղերի հաշվին հնարավորին չափ քիչ դուրս մնացած դիմորդներ լինեն։ Սակայն հայտերը երբեմն այնպիսին են, որ եթե փորձում ենք որևէ բաժնում տեղեր ավելացնել, հաջորդ բաժնի դիմորները տեղափոխվում են այնտեղ, և մի ուրիշ բաժիններում են թափուր տեղեր առաջանում։ Պետք է աշխատենք, որպեսզի ամենաօպտիմալ տարբերակն ընտրվի, որ հնարավորին չափ շատ դիմորդ ընդունվի։ Սա նաև պարոն Աշոտյանի մոտեցումն է. նա ուզում է, որ շատ դիմորդներ ընդունվեն։ Աշխատում ենք, որպեսզի եղած տեղերը հնարավորինս իրացվեն և թափուր տեղեր չմնան։ Սա շատ բարդ խնդիր է։
-Եթե որևէ բուհում պահանջարկն ավելի մեծ է, քան մյուսում, ինչո՞ւ ենք տեղեր հատկացնում և արհեստականորեն փորձում տեղեր լրացնել պահանջարկ չունեցող բուհում։ Հակառակը հնարավո՞ր չէ` ավելի շատ տեղ հատկացնել պահանջարկ ունեցող բուհին:
-Հասկանալի է, բայց բուհերն իրենց ռեզերվներն ունեն, և չեն կարող անսահմանափակ քանակությամբ մարդ ընդունել… բուհերը ներկայացնում են այն պահանջարկի սահմանը, որի դեպքում ի վիճակի են ուսանողներ ընդունել և նորմալ դասապրոցես կազմակերպել։
-Եթե նկատի ունենանք, որ այս տարի 20 000-ից ավելի տեղերի համար, մոտավորապես, 18 հազար դիմորդ է դիմել, որոնցից զգալի մասը կտրվել են, պարզ է դառնում, որ թափուր տեղեր շատ կլինեն։ Հնարավո՞ր է, որ այդ տեղերի համար լրացուցիչ մրցույթ հայտարարվի։ Այսինքն, մրցույթից դուրս մնացած դիմորդները նոր հայտ ներկայացնեն և ըստ իրենց հավաքած միավորների՝ համալրեն թափուր տեղերը։
– Առայժմ այդպիսի խնդիր դրված չէ։ Ի վերջո, առջևում կա նաև հեռակա ուսուցման տարբերակը։ Այնպես որ՝ դեռևս չշտապենք եզրակացություններ անել։
-Ինչպիսի՞ն է այս տարվա ընդունելության քննությունների ընդհանուր վիճակագրությունը` ըստ առարկաների։ Խնդրում եմ ներկայացնեք անցողիկ միջին գնահատակները։
-Ընդհանուր միջին գնահատականը կենսաբանությունից 11-ն է, ընդհանուր պատմությունից՝ 13,4-ը, աշխարհագրությունից՝ 11,6-ը, հայոց լեզու և գրականությունից՝ 11,4-ը, մաթեմատիկայից՝ 10, 3-ը, անգլերենից՝ 13,3-ը, ֆրանսերենից՝ 14,6-ը, գերմաներենից՝ 14,1-ը, ֆիզիկայից՝ 10-ը, հայոց պատմությունից՝ 11,3-ը, քիմիայից՝ 12, 2-ը, ռուսաց լեզվից՝ 11, 2-ը։
-Իսկ արդեն պա՞րզ է, թե ո՞ր բուհում ինչքանն է համարվում անցողիկ միավոր ։
-Այս տարի անցողիկ միավորների շեմի իջեցում է նկատվում։ Օրինակ տնտեսագիտական բլոկում, մոտավորապես, 5 միավորի տեղաշարժ կնակտվի։ Բժշկական համալսարանում անցած տարի ստոմատոլոգիա մասնագիտության գծով էր միջին միավորն ավելի բարձր, այս տարի դիմորդներն ավելի շատ դիմել են բուժական ֆակուլտետ. հավանաբար հաշվի առնելով այն, որ այնտեղ անվճար տեղերի քանակն ավելի շատ է՝ 60 անվճար տեղ կա։ Անվճարի անցողիկ շեմն այս բուհում 37-36-ն է։
-ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը բազմիցս ասել է, որ ճիշտ կլինի, եթե ընդունելության քննություններ ընդհանրապես չլինեն. նա ով ուզում է սովորել և պատրաստ է դրա համար վճարել, պետք է սովորի։ Ձեր կարծիքով, մեզ համար սա իրատեսակա՞ն մոտեցում է, ե՞րբ կհասնենք դրան։
– Նման գաղափար կա, բայց դրան հասնելու համար նախ պետք է մտածել, թե ինչպե՞ս այն իրականացնել։ Գուցե հնարավոր լինի կատարելագործել ընթացիկ քննությունների ներկայումս կիրառվող մեխանիզմը, կամ էլ թույլ տալ, որ բոլոր ցանկացողներն ընդունվեն, իսկ կիսամյակային քննություններից հետո միայն արժանավորները շարունակեն ուսումը, գիտելիք չունեցողները՝ դուրս մնան։ Բայց այստեղ էլ ռիսկը մեծ է։ Կարող է ստացվել այնպես, որ ցանկանանք անել լավը, բայց ստացվի` ինչպես միշտ…
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի
ArmAr.am












