«Մեզ չթույլատրվեց հանդիպել Էդվարդ Նալբանդյանի հետ»
Օրեր առաջ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ահազանգել էր, թե Թբիլիսիում հատուկ ծառայությունների կողմից վերջերս հայ մանկավարժների սև ցուցակ է պատրաստվել, որում ներառված են հիմնականում հայոց լեզվի և պատմության առարկա դասավանդող մանկավարժները և որոնց այլևս չի թույլատրվում աշխատել ոչ միայն Վրաստանի, այլև Ջավախքի հայկական դպրոցներում:
Այսօր նման ահազանգ է հնչեցնում Թբիլիսիի հայկական ասամբլեյան. «Վրաստանում հայոց լեզվի դեմ «կռիվ» է սկսվել։ Ջավախքում սկսել են կրճատել հայոց լեզվի ջատագովներ հանդիսացող ուսուցիչներին»։
Հայկական ասամբելեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը նշել է որ Վրաստանի հայկական դպրոցների թիվը տարեցտարի կրճատվում է։ Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի հայկական դպրոցները զարգանան: Վրաց իշխանությունների միտումը հասկանալի է. «Նորմալ գիտելիք չունեցող համայնքին ավելի հեշտ է կառավարել»,- նշեց նա։
Թբիլիսիի հայկական ասամբլեան ահազանգում է՝ Վրաստանի, մասնավորապես՝ Ջավախքի հայկական դպրոցները լուրջ բարեփոխումների կարիք ունեն։ Ըստ Ստեփանյանի՝ այս հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի, մինչդեռ.«Հայաստանի կառավարությունը չի համագործակցում մեզ հետ»,-դժգոհում է Ստեփանյանը:
«Ես մտադիր էի հանդիպել և այդ հարցը ներկայացնել վերջերս Վրաստան այցելած Հայաստանի արտգործնախարարին։ Ցավոք, և ինձ, և այն անձանց, ովքեր ցանկություն ունեին բարձրաձայնել հայության խնդիրները, չթույլատրվեց հանդիպել Էդվարդ Նալբանդյանի հետ»,- ընդգծեց Ստեփանյանը։
ArmAr.am












