Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

ԼՂՀ ԱԳՆ գրադարանը համալրվել է «Արցախ» գրքով

Հուլիս 30, 2010թ. 16:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գիտական գրադարանը նվեր է ստացել եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի «Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը, որը լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Նաուկա» /գիտություն/ հրատարակչությունում:

Հրատարակությունը պատրաստել են Բելլա և Վահե Գրիգորյանները, հայերենից թարգմանության հեղինակն է Նելսոն Ալեքսանյանը: Թարգմանության ժամանակ պահպանվել են բոլոր նրբերանգներն ու հեղինակի տերմինաբանությունը:

Առաջին անգամ գիրքը հայերեն լեզվով հրատարակվել է 1895թ-ին Բաքվում: Այն ունի պատմական և աղբյուրագիտական բացառիկ նշանակություն: Պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, հոգևոր գործիչ, ծնունդով արցախցի Մակար Բարխուդարյանցը տեղեկություններ է տվել երկրի բնական ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի, ժողովրդագրության մասին, նկարագրել է պատմական հուշարձանները, հավաքել և վերծանել է տապանաքարերի, եկեղեցական և վանական պատերի գրությունները: Գիրքը բազմիցս օգտագործվել է գիտական ուսումնասիրություններում, որպես ուղեցույց է ծառայել Արցախի հետագա նկարագրություններում և առ այսօր էլ երկրի նյութական և հոգևոր մշակույթի մասին ամբողջական պատկերացում տվող բացառիկ աշխատություն է մնում:

Գրքի ռուսերեն թարգմանությունը նվիրված է Ղարաբաղ-Արցախի ազատության և անկախության համար նահատակված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակին:

Երկրագետների, պատմաբանների, աստվածաբանների, քաղաքագետների և սովորական ընթերցողների համար նախատեսված այս գրքի թարգմանությունը թույլ է տվել ընդլայնել Արցախի մասին ստույգ տեղեկատվություն ստանալ ցանկացողների շրջանակը: Գիրքը տարածվել է Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի հեղինակավոր գիտական հաստատություններում և գրադարաններում: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն