Սոնա Շահգելդյան.«Երբ իմացա հաղթել եմ շատ-շատ հուզվել էի»
Յուրմալայում, «Նոր ալիք» մրցույթի լավագույն երիտասարդ երգչուհի է ճանաչվել Սոնա Շահգելդյանը: Երեք մրցութային օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 288 միավոր` միայն մեկ միավորով առաջ անցնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Շիրկոյից:Երրորդ տեղը գրավել է էստոնացի Ուկու Սուվիստեն:
«Երբ իմացա հաղթել եմ, շատ հուզվել էի: Դրանք երջանկության արցունքներ են: Մեծ երջանկություն է: Շատ-շատ էի ուզում հաղթել, իսկ եթե մի բան շատ ես ցանկանում, իրականանում է », – ռուսական «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է «Նովայա Վոլնա 2010» երիտասարդ կատարողների մրցույթում հաղթած Սոնա Շահգելդյանը:
«Վեստի»-ի լրագրողի հարցին, թե արդյոք Սոնան կմեկնի մասնակցելու «Եվրատեսիլ 2011»-ին, երգչուհին պատասխանել է, որ եվրոպական այդ մրցույթն այնքան էլ կարևոր չէ իր համար, ինչպես «Նովայա Վոլնա»-ն, քանի որ այնտեղ մասնակիցը կարող է կատարել ընդամենը մեկ երգ, իսկ այս մրցույթում` երեքը:
Այնուհետև, հայաստանցի երգչուհին պատմել է, որ հաճախ է ֆուտբոլ խաղում: «Ցվալի է, որ այստեղ, Յուրմալայում ինձ ոչ ոք փոխանցում չարեց, թե չէ ես գոլ կխփեի», -հավելել է երգչուհին:
Հարցին, թե երգչուհին իրեն պատկերացնում է ապագա մոր և կնոջ դերում, Սոնան պատասխանել է, թե դրա մասին մտածելը դեռ վաղ է: «Ես իհարկե այդ մասին մտածում եմ, բայց դեռ շատ շուտ է, ես ընդամենը 24 տարեկան եմ: Իհարկե ինձ համար ընտանիքը գլխավորն է, ես սիրում եմ երեխաներին, բայց պետք է մի քիչ սպասել», -հավելել է Շահգելդյանը:
Հաղթանակից հետո Սոնան ասել է, որ մրցանակային գումարի մի մասը տրամադրելու է փողոցային կենդանիների օգնությանը: Մրցույթի մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է: Առաջին տեղին բաժին է հասնում 50 հազար, երկրորդին` 30 հազար, երրորդին` 20 հազար:
ArmAr.am












