Հատուկ մրցանակ Ժիրայր Հարաթունյանին`բացառիկ ծառայությունների համար
Վաշինգտոն. Համագումարի Խորհրդի վաղեմի անդամ Ժիրայր Հարաթունյանը միացավ Ամերիկայի Հայկական Համագումարի (այսուհետ` Համագումար) հեղինակավոր մրցանակիրներ Հրայր Հովնանյանի, Ռոբերտ Գալուստյանի, Ստիֆեն Մուգարի և Ջոյս Ստեյնի շարքին բացառիկ ծառայություններ մատուցելու համար:
Ժիրայր Հարաթունյանն, ով եղել է Վաշինգտոնի Ամերիկայի հայ համայնքի ակտիվ անդամ և հանրային կապերով մասնագետ, ինչպես նաև մասնակցել է Ամերիկայի Հայկական Համագումարի ձևավորմանը նպաստած 1970-ական թվականների Արլի Տան համաժողովներին, արժանացավ հատուկ մրցանակի ‘իր կյանքի ընթացքում Ամերիկայի Հայկական Համագումարին և հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար’:
‘Համագումարի գործունեությունը մեծապես շահել է Ժիրայրի հարուստ գիտելիքներից, ոգեշնչումից և հայ ժողովրդի ու ազգի հանդեպ իր նվիրվածությունից,- նշեց Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել նման բազմավաստակ անհատի հետ’,- հավելեց Հովնանյանը: Փակ մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին Հովնանյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամներ Արամ Գալուստյանը, Վան Գրիգորյանը, Էդել Հովնանյանը և Հարաթունյանների ընտանիքը: Մելինե Հարաթունյան Լաչինյանը` Ակամայ տեխնոլոգիաների ընկերության փոխնախագահը և գլխավոր խորհրդատուն, ստացավ իր հոր մրցանակը:
Լինելով Համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ` Ժիրայր Հարաթունյանը իր ներդրումն է ունեցել Հայաստանին ամերիկյան հումանիտար օգնություն տրամադրելու գործում 1988 թվականին տեղի ունեցած կործանիչ երկրաշարժի ժամանակ: Նա նաև կոչ է արել ‘միջազգային մակարդակով հիշատակել 1989 թվականի փետրվարի Ղարաբաղյան շարժման տարելիցը և հարգանքի տուրք մատուցել Սումգաիթում սպանված հայերի հիշատակին’: Երբ 1990 թվականին հայերը անկախության հասնելու համար հանրահավաքներ էին կազմակերպում, Հարաթունյանը հայտարարում էր. ‘Մենք պետք է աշխատենք ապահովել Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը և Հայաստանի սահմանների ամբողջականությունը: Մենք պետք է ձգտենք հասնել ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից հայերի իրավունքների պաշտպանությանը, հատկապես Ղարաբաղում: Պետք է նաև փորձել ապահովել Հայաստանից դուրս բնակվող հայ փոքրամասնությունների իրավունքները: Հարկավոր է աջակցել Հայաստանին ստանալ արտաքին տնտեսական օգնություն և կապիտալի ներդրումներ… բարելավելու իր ժողովրդի բարեկեցության մակարդակը’: Հարաթունյանը վաղ էր գիտակցում, որ հարկավոր է կանխել Թուրքիայի և Արդբեջանի կողմից Հայաստանի մեկուսացումը և եռանդուն կերպով աշխատում էր այդ ուղությամբ:
Ժիրայր Հարաթունյանը առանցքային դեր է տարել ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության վերահաստատմանը հասնելու Համագումարի ջանքերում, ինչպես նաև իր բացառիկ ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի Սենատում Ցեղասպանության բանաձևի անցկացման համար տարվող չորս-օրյա պատմական պայքարում. բանաձևի հովանավորն էր սենատոր Ռոբերտ Դոուլը: Հարաթունյանը եղել է նաև Համագումարի Հետազոտման և Վերլուծաբանության գրասենյակի ղեկավարը, մշտապես մեկնաբանել և վերլուծել է ընթացիկ արտաքին հարաբերությունները և պարբերաբար հոդվածներ է տպագրել Արմինիան Միրոր Սփեքթեյթոր-ում և Արմինիա Նաու-ում: Նա եղել է Համագումարի Հայ Ազգային Ինստիտուտի (ANI) փոխտնօրենը: Բացի դրանից Հարաթունյանը եղել է Արարողությունների վարողի դերում Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դեկմենջյանի պատվին կազմակերպված Համագումարի 1987 թվականի նվիրատվության ճաշկերույթում, որտեղ նա ողջունել է փոխնախագահ Ջորջ Բուշին և սենատոր Էդվարդ Քենեդիին:
Բացի հայ ժողովրդի համար իր տասնամյակներ տևած անխոնջ աշխատանքի, Ժիրայր Հարաթունյանը նաև ծառայել է ամերիկյան ժողովրդին: Հարաթունյանը աշխատել է արտաքին հարաբերությունների ոլորտում, մասնավորապես աշխատանքներ է ծավալել Վաշինգտոնում, Բանգկոկում (Թայլանդ), Աթենքում (Հունաստան): Իր բազմատեսակ գործունեությունը ներառում է նաև 16 տարվա աշխատանք Ամերիկայի Ձայնում (VOA), որտեղ նա զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` Հայկական հեռարձակման ծառայության ղեկավար, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի բաժանմունքի տնօրեն, Ամերիկայի Ձայնի Համաշխարհային նորությունների և ընթացիկ արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, փոխտնօրեն և գործող տնօրեն: Ժիրայր Հարաթունյանը ծառայել է կառավարությունում 23 տարի մինչ իր անձնական մասնավոր խորհրդատվական գործունեությունը սկսելը:
Իր ողջ կյանքի ընթացքում ծառայելով հայկական համայնքին և Միացյալ Նահանգներին` նա հայտնի էր իր ազնվությամբ, խոհեմությամբ, ոգեշնչվածությամբ և հումորի սուր զգացումով: Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի Հայկական համագումարից:












