Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանը ջուր կունենա
Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Այժմ ընթանում են հողային աշխատանքները. ճանապարհ է բացվում դեպի աղբյուրներ:
Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է գյուղից 5 կմ հեռավորության վրա` Քիրսի սարի ստորոտում գտնվող երեք աղբյուրների մոտ կառուցել ջրհավաք կառույցներ: Նոր անցկացվող ջրատարով ջուրը կհասցվի գյուղ: Գյուղի բարձրադիր մասում կկառուցվի 100 մ3 օրական կարգավորման ջրամբար: Որպես համակարգի մաս, կօգտագործվեն նաեւ ներկայումս շահագործվող երեք ջրամբարները (ընդհանուր առմամբ 160 մ3 տարողությամբ), որոնք մի քանի տարի առաջ են վերանորոգվել:
Երկրորդ փուլով կկառուցվի 15 կմ երկարությամբ ներքին ցանց. խողովակների տրամագիծը հաշվարկվել է` հաշվի առնելով գյուղի հեռանկարային ընդլայնումն ու զարգացումը: Տների մուտքագծերի վրա կտեղադրվեն զտիչ սարքեր ու ջրաչափեր:
Արդեն 2011 թ. ամռանը գյուղի բոլոր 260 ընտանիքները (շուրջ 1130 բնակիչ) կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ:












