Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Պետությունը կանգնած է լինելու գյուղացու կողքին»

Սեպտեմբեր 25, 2009թ. 19:10

naxagah Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արարատի և Արմավիրի մարզեր:  Սերժ Սարգսյանը եղել է Երևանի կոնյակի գործարանի` Այգավան գյուղում գտնվող մասնաճյուղում, «Մասիս Տոբակո» ընկերությունում, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանում, որտեղ ծանոթացել է հումքի մթերման և արտադրական գործընթացներին:

Այգավանում նախագահը զրուցել է խաղողագործ գյուղացիների հետ, լսել բերքի իրացման հետ կապված նրանց խնդիրներն ու մտահոգությունները:

Այնուհետև, երկրի ղեկավարն Արմավիրի մարզպետարանում խաղողի մթերման գործընթացի և դրանում առկա խնդիրների շուրջ խորհրդակցություն է անցկացրել տարածքային կառավարման նախարարի, գյուղնախարարի, մի շարք մարզերի մարզպետների, վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ: Ս. Սարգսյանն ասել է, որ մթերման գործընթացում առաջացած խնդիրները պետք է լուծվեն գյուղացիվերամշակող կազմակերպություն հարաբերություններում վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն. «Այդ հարաբերություններում պետությունը կանգնած է լինելու գյուղացու կողքին: Մենք աճեցված բերքն ամբողջովին մթերելու խնդիր ունենք: Բոլոր այն մթերողները, ովքեր գյուղացիների հետ պայմանագրեր են կնքել, պետք է միանշանակ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները: Ճիշտ է, այս տարվա բերքը քիչ ավելի է անցյալ տարվանից, բացի այդ, գարնանը կամ նախորդ տարիներին ոչ բոլոր խաղողագործների հետ են պայմանագրեր կնքվել, սակայն, այս ամենով հանդերձ, պետք է հնարավորություններ գտնել` մթերելու նաև բերքի այդ մասը»:

Սերժ Սարգսյանը կոչ է արել մթերող ձեռնարկությունների ղեկավարներին ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա հետ կապված` պատրաստի արտադրանքի իրացման դժվարություններն առիթ չդարձնել գյուղացու բերքն ավելի ցածր գնով մթերելու համար: «Ես հասկանում եմ, որ ձեզ համար խնդիրներ են առաջացել շուկաների, շրջանառու միջոցների հետ կապված, բայց, մյուս կողմից էլ պիտի հասկանանք այն մարդու վիճակը, ով ամբողջ տարին աշխատել է, խաղող աճեցրել և հիմա խնդիր ունի այն իրացնելու»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստի արտադրանքի իրացման փուլում պետությունը պարտավոր է կանգնել արտադրող ձեռնարկության կողքին`ապահովել բարենպաստ պայմաններ, օժանդակել նոր շուկաներ գտնելու գործում: Նախագահի խոսքով` գյուղնախարարության և մարզպետների աշխատանքի արդյունավետությունը գնահատվելու է նաև այդ տեսանկյունից:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև հայկական կոնյակի վարկն արտահանման շուկաներում պահպանելու խնդրին` ասելով, որ անորակ արտադրանք թողարկողները վտանգում են տասնամյակների համբավ ունեցող ապրանքանիշը` դրանից բխող հետևանքներով: Այս հարցում նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը` առաջարկելով վերամշակողներին ստեղծել մի միություն և, որակի հսկման պետական մարմինների աշխատանքին զուգահեռ, նաև ինքնակազմակերպման միջոցով վերահսկել անբարեղիճ արտադրողներին:

Խորհրդակցության ավարտին նախագահը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Ս. Սարգսյանն այցելել է նաև Արարատ քաղաք և ծաղկեպսակ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի նորակառույց հուշարձանին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`