Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Օկուպացիայի մասին

Օգոստոս 3, 2010թ. 13:44

qartez1Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ “Ադրբեջանի խնդիրը Երեւանի հետ չէ, այլ` Մոսկվայի”: Սա բավական նուրբ ձեւակերպում է: Հավասարակշռության կորստի պահերին, իսկ դրանք բացառություն չեն, Գուլուզադեն ուղղակի հայտարարում է. “Ռուսաստանն է օկուպացրել մեր հողերը”:

Այլ դեպքերում ռուսական կողմը բավական կոշտ է արձագանքում նման մեղադրանքին: Թեկուզ` համազոր մակարդակում: Գուլուզադեն արդեն մի քանի տարի է տարբեր վարիացիաներով կրկնում է նույն միտքը, բայց ընդդիմախոսները համառորեն չեն արձագանքում:

Գուցե չե՞ն ուզում “հիմարի հետ վիճել”` ինչպես Պուշկինն է խորհուրդ տալիս: Բայց Ռուսաստանում հազիվ թե չգիտեն, որ Գուլուզադեն “տանու” մարդ է եւ հիմնականում արտահայտում է ալիեւյան կլանի տեսակետները: Այդ դեպքում ռուսական կողմի լռությունը խիստ տարողունակ է դառնում:

Թվում է, ժամանակն է գոնե փորձագիտական շրջանառության մեջ դնել հայտնի, բայց դարձյալ լռության թողնված իրողությունը: 1920 թ. օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության եւ ՌԽՍՖՀ միջեւ կնքվել է համաձայնագիր, որով պատերազմական գործողությունները համարվել են դադարեցված:

Ինչպես հետեւում է այդ փաստաթղթից, կողմերը համաձայնել են, որ “Լեռնային Ղարաբաղը ՌԽՖՍՀ կողմից օկուպացված է”: Համաձայնագրում այնուհետեւ ասված է, որ օկուպացիան չի կանխորոշում տարածքի պատկանելիությունը ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանի սոցիալիստական խորհրդային հանրապետությանը: Դրանից հասկացվում է, որ օկուպացիայի ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղը պատկանելու է Ռուսաստանին: Բայց շատ հետաքրքիր է, որ նույն տեղում ասվում է, որ այդ հարցը պետք է կարգավորվի հետագայում Հայաստանի Հանրապետության եւ ՌԽՖՍՀ միջեւ կնքվելիք համապարփակ պայմանագրով:

Ակնարկ իսկ չկա այն մասին, որ խնդիրը ենթակա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա քննարկման եւ համաձայնեցման: Այսու, դժվար չէ հասկանալ, որ Ռուսաստանը չի ճանաչել Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը որպես անկախ սուբյեկտ, որին վերապահվի բանակցություններ վարելու, տարածքային հարցեր քննարկելու եւ համաձայնության գալու կամ չգալու իրավասություն:

Հայաստանի եւ ՌԽՖՍՀ միջեւ, ինչպես հայտնի է, համապարփակ պայմանագիր չի ստորագրվել: Պատճառները հայտնի են: Բայց դրանից ոչինչ չի փոխվել: Հատկապես` Լեռնային Ղարաբաղի` որպես ՌԽՖՍՀ կողմից օկուպացված տարածքի կարգավիճակը:

1921թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմկուսակցության Կավբյուրոն որոշել է “Լեռնային Ղարաբաղը մարզային լայն ինքնավարությամբ թողնել Ադրբեջանի կազմում”: Այսինքն` Ռուսաստանի կողմից օկուպացված, Ռուսաստանին պատկանող տարածքը թողնվել է Ռուսաստանին պատկանող երկու խորհրդային հանրապետություններից մեկի կազմում, բայց “մարզային լայն ինքնավարության” պայմանով:

Թե որքանո՞վ էր օրինական, որ միջպետական կարգավորման ենթակա հարցին “լուծում” էր տալիս կուսակցական մարմինը` երեւի միջազգային իրավունքի մասնագետների խնդիրն է: Միջանկյալ ասենք միայն, որ գուցե ժամանակն է, որպեսզի ՌԴ սահմանադրական դատարանի առջեւ հարց հարուցվի, թե արդյոք Ռուսաստանի կոմկուսի Կավբյուրոն լիազորվա՞ծ էր նման հարց քննության առնել:

Իսկ առհասարակ Գուլուզադեն պիտի իմանա, որ մեկ անգամ օկուպացված եւ որեւէ երկրի կազմում թողնված տարածքը երկրորդ անգամ հնարավոր չէ օկուպացնել: Այն միայն ազատագրվում է: Դա էլ տեղի է ունեցել: Բայց ոչ թե Ռուսաստանի, այլ` ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն