Բուլղարիայի «Ոսկե դար» պատվո նշան` հայ դեսպանին
Ս. թ. օգոստոսի 3-ին Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանին «Ոսկե դար» պատվո նշանով:
Մշակույթի նախարարության պատվո նշանը շնորհվել է Սերգեյ Մանասարյանին հայ-բուլղարական մշակութային կապերի զարգացման գործում իր բացառիկ ներդրման համար:
Ողջույնի խոսքում Վեժդի Ռաշիդովը նշել է, որ Սերգեյ Մանասարյանի գործադրած ջանքերի շնորհիվ մշակութային երկխոսության ոլորտում իրագործվել են մի շարք տպավորիչ միջոցառումներ, այդ թվում` Բուլղարիայի մշակույթի օրերը Հայաստանում (2009 թ.), Սերգեյ Փարաջանովի գործերի ցուցահանդեսը Սոֆիայում, «Հայաստանի գույներ» ցուցահանդեսը Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում, Ջիվան Գասպարյանի, «Կոմիտաս» քառյակի, բազմաթիվ այլ հայ երաժիշտների համերգները Բուլղարիայի տարբեր քաղաքներում:
Պարգեւատրման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Բուլղարիայի մշակույթի նախարարի եւ դեսպան Մանասարյանի միջեւ:












