Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին
«Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ Մինսկի խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում և ոչ էլ միջազգային իրավասու մի այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված». Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի և փաստարկների նվազագույն փաթեթ), ՙՏիգրան Մեծ՚ հրտ., Երևան, 2008, էջ 6:
Հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը երեք ուղի գոյություն ունի:
1. Ղարաբաղյան հակամարտությունը իրականում հայությունը կարգավորել է, ԼՂՀ-ն ազատագրվել է բռնազավթումից և 70-ամյա գաղութային լծից:
Հիշեցնենք սակայն, որ ՙ1960-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն շնորհելու Հռչակագիր: Գաղութատիրության փլուզումն սկսվեց Ասիայից: 1943-ից գաղութային լծից անկախություն ստացան Սիրան և Լիբանանը, 1945-ին գաղութատիրությունը տապալվեց Վիետնամում, հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը… 1947-ին անկախություն նվաճեց Հնդկաստանը: Գաղութատիրությանն ուժեղ հարված հասցրեց չինական հեղափոխության հաղթանակը (1949): Ետպատերազմյան առաջին տասնամյակում սուվերեն պետություններ հռչակվեցին Հորդանանը (1946), Ֆիլիպինները (1946), Պակիստանը (1947), Բիրման (1948), Շրի Լանկան (1948), Լիբիան (1951), Կամբոջան (1953), Լաոսը (1953): 1952-ին Եգպտոսն ազատագրվեց կիսագաղութային վիճակից: 1956-65-ին պետական անկախություն ստացավ Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկիր: 1959-ին հաղթանակեց հեղափոխությունը Կուբայում… 1974-ի ապրիլին դեմոկրատական հեղափոխությամբ տապալվեց ֆաշիստական վարչակարգը Պորտուգալիայում, սկիզբ դրվեց գաղութների (Գվինեա-Բիսաու, Մոզամբիկ, Անգոլա) անկախության հռչակմանը…՚: Եվ դեռ ավելին` ՙԴեռևս գաղութային լծի տակ են 20 մլն մարդ` Բրիտանական կայսրության (ներառյալ Հարավային Ռոդեզիան), ֆրանսիայի և Իսպանիայի գաղութներում և կախյալ երկրներում՚: (Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 2, Երևան, 1976, էջ 670)
Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն ներկայացնում հանրագիտարանային այս տվյալները, որովհետև դրանք ավելի քան խոսուն են: Որովհետև ԼՂՀ-ն նույնպես ազատագրվել է գաղութային լծից, որ պարտադրվել էր իրեն 1921 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ:
Ուստի, շատ բնական է, որ ԼՂՀ անկախության ճանաչման ուղիներից մեկը ՄԱԿ-ի համապատասխան այն կառույցին դիմելն է, որը 1960-ական թթ. զբաղվում էր անկախություն ձեռք բերած ժողովուրդների խնդիրներով` համաձայն «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի, հաստատելու ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից և ճանաչելու ԼՂՀ անկախությունը, որը նա ձեռք է բերել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում հաղթելու շնորհիվ:
2. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկ ուրիշը նշում է Արա Պապյանը. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները:
Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետևանքով, իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 11):
Իսկ դա նշանակում է, որ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես Ազգերի լիգայի Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահի իրավահաջորդ, ՀՀ համապատասխան հայցի դեպքում, իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը` ըստ 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալների, ապա ԼՂՀ-ն (ի դեպ, տարածքային ամբողջականությամբ հանդերձ) ընդգրկվում է ՀՀ-ի կազմ և, ըստ այդմ, անիմաստ է դառնում ԼՂՀ հակամարտության առանձին քննարկումը միջազգային ատյաններում: (Տես, «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի 4-ից 7-րդ հոդվածները)
Հնարավոր է, այս տարբերակը լավագույնն է, որովհետև այս դեպքում քննության առարկա է դառնում նաև բռնազավթված ու հայաթափված Նախիջևանի խնդիրը:
3. Նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, որ աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա: Դրանցից մեկն էլ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է`«Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին»Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.:
Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է գործողությունների երեք հաջորդական քայլեր և փուլեր.
ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից:
բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն և իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:
գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:
Ակնհայտ է, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձևաչափը սպառել է իրեն, որովհետև շուրջ 18 տարի է ինչ նրա առաջարկները չեն ընդունվում հակամարտության կողմերից մեկի կողմից, հիմնականում` Ադրբեջանի, որը չի հաշտվում այն իրողության հետ, թե ԼՂՀ-ն գաղութային լծից այլևս ազատագրված է: Ուստի, Մինսկի խումբը պետք է լուծարվի և որպես Կոնվենցիայի համապատասխան դրույթի ու պահանջի երկրորդ քայլ` ստեղծվի հակամարտության պատճառների անկողմնակալ և անաչառ հետաքննություն անցկացնող Միջազգային քննիչ հանձնաժողով:
Վերոհիշյալ բոլոր երեք տարբերակները գործողության մեջ դրվելու իրավունք ունեն և արդյունավետ կարող են, մանավանդ երբ հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք.
ա) Ինչպես նշում է Արա Պապյանը. ՙԿարիք չկա հարցը լուսաբանել հանգամանալից, քանի որ հանրահայտ իրողություն է, որ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ենթակայության ներքո Արցախը հայտնվել է կուսակցական մարմնի` այն է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ: Ակնհայտ է, որ և՜ ներպետական, և՜ միջազգային իրավունքի տեսանկյունից այս որոշումն անօրինական է և անվավեր, քանի որ ցանկացած մարմին կարող է որոշումներ կայացնել միմիայն այն հարցերի վերաբերյալ, որոնց համար կառույցն ունի համապատասխան լիազորություններ՚: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, ՙՈւխտ Արարատի՚, թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 7)
բ) Ալեքսանդր Մանասյանը շեշտելով, որ ԼՂՀ-ն երբեք մաս չի կազմել Ադրբեջանի անկախ Հանրապետության` հաստատում է. ՙԳոյություն չունի որևէ իրավական փաստարկ, որևէ իրավական փաստաթուղթ, որով մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը կարող էր հիմնավորել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնությունները: Չկա միջազգային իրավունքի որևէ նորմ, ԼՂ վերաբերյալ որևէ պայմանագիր կամ ԽՍՀՄ օրենք, որը կասկածի տակ դներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը: Միջազգային իրավունքի տեսակետից ԼՂՀ կայացումը անբասիր է՚: (Տես, Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի և փաստարկների նվազագույն փաթեթ), ՙՏիգրան Մեծ՚ հրտ., Երևան, 2008, էջ 3)
Ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն` միանգամայն իրագործելի խնդիր է: Եվ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում խաղաղ միջոցներով կարգավորել հակամարտությունը, կամ շրջանցում են դրա կարգավորման գոյություն ունեցող խաղաղ միջոցները` իրականում հրահրում են նոր պատերազմ և ցեղասպանություն…
Եզրակացություն: Ավելորդ չէ նշել, որ Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ ձևաչափերում, այդ թվում և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, անօրինական գործողություններ են, որովհետև ինչպես արդեն նշվեց, միջազգային իրավահարաբերություններում գոյություն ունեն հակամարտության խաղաղ կարգավորման, նվազագույնը, ներկայացված այս երեք ձևաչափերն ու տարբերակները, որոնցով տվյալ դեպքում պարտավոր են առաջնորդվել և՜ հակամարտող կողմերը, և՜ միջնորդները…
«Ուխտ Արարատի»
ArmAr.am












