Գլխավոր » Լրահոս

«ՀՀ նախագահի այցի հիմնական ու միակ նպատակը սփյուռքի հետ շփումն է»

Սեպտեմբեր 25, 2009թ. 18:15

vigenՆախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ երեկ ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Սփյուռքի հայրենակիցների կարծիքը լսելու նպատակով հոկտեմբերի 1-ից նա համահայկական ուղևորություն կկատարի: Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը լրագրողներին պարզաբանեց նշված ուղևորության խորհուրդն ու նպատակները. «ՀՀ նախագահի համահայկական ուղևորության նպատակն այն է, որ երկրի ղեկավարը լսի հայկական սփյուռքի կարծիքները, մոտեցումներն այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Շատ կարևոր է նաև այցի խորհուրդը. առաջին անգամ ՀՀ նախագահը կատարում է այսպիսի վերպետական համազգային մի ուղևորություն, որի նպատակն է` լինել բոլոր այն հիմնական հայկական կենտրոններում, որտեղ ձևավորվում են հայկական սփյուռքի հանրային կարծիքը և մոտեցումները»: Վ. Սարգսյանը հայտնեց, որ այցի ընթացքում երկրի ղեկավարը կայցելի Փարիզ, Նյու-Յորք, Լոս-Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով քաղաքներ, որտեղ տեղի կունենան տարածաշրջանային հանդիպումներ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու այս ուղևորությունը «համահայկական» անունը ստացավ: «Ուղևորության նպատակն է հնարավորինս ընդգրկուն և ներկայացուցչական ձևով զգալ հանրային կարծիքը սփյուռքում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- պատասխանեց աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Նա ընդգծեց, որ բոլոր հանդիպումները տարածաշրջանային բնույթ ունեն: «Փարիզի հանդիպմանը հրավիրված են մասնակցելու ներկայացուցիչներ բոլոր եվրոպական պետություններից՝ հայկական համայնքներից: Նյու-Յորքում հանդիպմանը մասնակցելու են Արևելյան ափի և Կանադայի հայկական համայնքների ներկայացուցիչները, Լոս-Անջելեսում կայանալիք հանդիպմանը հրավիրված են մասնակցելու Արևմտյան ափի և Լատինական Ամերիկայի երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները, Բեյրութում կլինեն հյուրեր Իրանից, Սիրիայից, Եգիպտոսից, Պարսից ծոցի երկրներից, իսկ Դոնի Ռոստովում՝ ԱՊՀ երկրներից հայկական համայնքների ներկայացուցիչները»,- ասաց Վ. Սարգսյանը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք ուղևորության շրջանակներում նախատեսված են որևէ այլ հանդիպումներ, Վ. Սարգսյանը պատասխանեց. «Ընդգծված ձևով հայկական կողմը որևէ երկկողմ քաղաքական հանդիպումներ չի խնդրել այն քաղաքներում և երկրնեորւմ, որոնք այցելելու է Հայաստանի նախագահը, որովհետև այցի հիմնական և միակ նպատակը սփյուռքի հետ շփումն է: Յուրաքանչյուր քաղաքում նախագահն անց է կացնելու ավելի պակաս, քան 24 ժամ, և, իհարկե, այս ժամանակը բավարար չէ լրացուցիչ այլ միջոցառումներ անցկացնելու համար: Միակ բացառությունը, թերևս, կլինի Լոս-Անջելես քաղաքը, որտեղ բացի համայնքի հետ հանդիպումից նախատեսված է նաև ընդարձակ հարցազրույց ՀՀ նախագահի հետ՝ այդ քաղաքում գործող հայկական ալիքների համար»: Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր ասել է, որ Դաշնակցությունը ևս պատրաստ է մասնակցելու համահայկական ուղևորությանը, եթե հրավեր ստանա, աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Միանշանակ: Իհարկե: Ակնհայտ է, որ Դաշնակցությունը հայկական համայնքներում ունի շատ մեծ դերակատարություն, և առանց այդ քաղաքական ուժի մասնակցության նման քննարկումներն անիմաստ են»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`