Նազարբաև.«Պետք է մշակվեն նոր քայլեր մարտահրավերներին դիմակայելու համար»
ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում։ ԵԱՀԿ-ն նախագահող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ողջունել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի կայացրած այդ որոշումը:
Այս մասին տեղեկանում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:
«Աստանայում ԵԱՀԿ գագթաժողովն անցկացնելու մասին որոշումը մեծ առաջխաղացում է », -իր հայտարարության մեջ ասել է Նուրսուլթան Նազարբաևը` հավելելով, որ պետք է մշակվեն միասնական քայլեր նոր և գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար:
Նազարբաևի խոսքով, Աստանայի գագաթաժողովը պետք է հստակեցնի ԵԱՀԿ-ի զարգացման ռազմավարական ուղղություններն ու մշակի ճանապարհային քարտեզ:
ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների որոշման համաձայն, Աստանայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբեր-նոյեմբերին հանդիպում կլինի նաև Վարշավայում, Վիեննայում, այնուհետև` Աստանայում:
Աստանայի գագաթաժողովը ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովն է` մինչ այդ ԵԱՀԿ գագաթնաժողով տեղի է ունեցել 1975-ին Հելսինկիում, 1990-ին Փարիզում, 1992-ին դարձյալ Հելսինկիում, 1994-ին Բուդապեշտում, 1996-ին Լիսաբոնում և 1999-ին` Ստամբուլում:












